««Ալեքս տեքստիլը» չի ունենա կառավարության հովանավորչությունը և չի արժանանա թշնամական վերաբերմունքի»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե տեքստիլի արտադրության ասպարեզում, «Ալեքս տեքստիլից» բացի, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, կա՞ն այլ բիզնես ընկերություններ, եթե կան, ապա ի՞նչ չափաբաժին են կազմում։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում սպառողական վարկերի աճը։
Վարչապետը պատասխանեց, որ սպառողական վարկերի աճը միշտ արտահայտում է սպառողների տրամադրությունը, և այն առաջին հերթին՝ կապված է լավատեսության հետ: «Բացի լավատեսությունից, ես այլ պատասխան չունեմ»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է տեսքտիլի արտադրության ոլորտին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ կոնկրետ վիճակագրություն չգիտի, բայց համոզված է, որ այնտեղ բավականին լայն շրջանակ է գործում։
«Մի կողմից՝ տեքստիլը մենք արձանագրում ենք՝ որպես հաջողություն, սակայն այստեղ ունենք մարտահրավեր։ Նկատի ունեմ, որ մեր երկրում սովորաբար զարգանում է այն տեքստիլը, որը կրկին պահանջում է էժան աշխատուժ։ Սա մեզ համար մտահոգիչ է այն առումով, որ չենք ցանկանում՝ Հայաստանը ոչ միայն՝ չդառնա աշխատուժի երկիր, այլև հասկանում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք ցանկացած պահի կարող են ավելի էժան ծառայություն մատուցել, և մեր ոլորտը կարող է փլուզվել»,- շեշտեց վարչապետը:
Նրա խոսքով, որպեսզի այդ խնդիրներին չբախվեն, տեքստիլի արտադրանքը քայլ առ քայլ պետք է տեղափոխվի բարձր գնային սեգմենտ։
«Մեր քաղաքականությունը սա պետք է լինի, կոպիտ ասած, ոչ թե պետք է արտադրվի 5000 դրամանոց բաճկոն, այլ մեր նպատակը պետք է լինի, որպեսզի արտադրվի 1000 դոլարանոց բաճկոն, որը կլինի ավելի բարձր գնային սեգմենտում։ Այս առումով այսօր իրականացվում են բավականին լուրջ ներդրումներ։ Կա խոստում, որ շուտով Հայաստանում կբացվի այնպիսի գործարան, որտեղ կլինի 3000 աշխատատեղ»,- ընդգծեց վարչապետը։
Ինչ վերաբերում է տեքստիլ ընկերություններին, որոնք ասոցիացվում են այս կամ այն քաղաքական գործչի հետ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ դրանք կառավարության կողմից չեն ունենալու հովանավորչություն, բայց կառավարությունը դրանց թշնամաբար չի էլ վերաբերվելու։
«Նրանք, որոնք գործում են և պատրաստ են գործել օրենքի դաշտում, բոլորն օրենքի առջև հավասար են»,- հավելեց վարչապետ Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան