«Քաղաքացիները սխալ հասցեով են եկել, եթե ինձ հետ հանդիպելու համար Ձեզ են դիմել». Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Գորգիսյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ կա՞ն թվեր, թե 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2018 թվականին արտահանման աճ եղե՞լ է, և 2018 թվականի ընթացքում քանի՞ հոգի է վերադարձել Հայաստան։
«Կառավարության զեկույցում, որպես ներգաղթ՝ նշված է 15 հազար 313 քաղաքացի, բայց գիտենք, որ նախորդ տարի մեծ թվով օտարազգիների ներգաղթ ենք ունեցել՝ Հնդկաստանից, Պակիստանից, ունե՞նք հայերի թիվ, որոնք վերադարձել են հայրենիք։ Ինչ-որ փուլում ներգաղթածների մինչև 30 հազար թիվ էր շրջանառվում»,- նշեց Գ. Գորգիսյանը։
Վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ ներկայացրել են պաշտոնական վիճակագրությունը՝ ժամանումների և մեկնումների տարբերությամբ։
«Մեր նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ վիճակագրության մեջ 90 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են կամ ազգությամբ հայեր են։ Դուք ասացիք՝ Պակիստանից, բայց ես վստահ չեմ, որ Պակիստանից այստեղ եկող քաղաքացիներ ունենք, ունենք Հնդկաստանից, որը կապված է նրա հետ, որ մենք տարիներ առաջ կամ ոչ վաղ անցյալում վիզային ռեժիմի դյուրացում ենք արել։ Վիզային ռեժիմի դյուրացումներն ունեն նաև զբոսաշրջության զարգացման նպատակ, և այո, լինում է այնպես, որ դրանից օգտվում են նաև աշխատանք փնտրող մարդիկ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով վարչապետին՝ Գևորգ Գորգիսյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը փաստացի թվեր չի՞ կարող ներկայացնել՝ արտահանումների ծավալի հետ կապված։
«Ուրախ կլինեմ, եթե Հնդկաստանից այստեղ եկած քաղաքացիներն ընդամենը 10 տոկոս լինեն, բայց մամուլում շրջանառվում էր մինչև 30 հազար թիվը. եթե այդ թիվը ճիշտ է, նշանակում է՝ այստեղից 15 հազար հայ գնացել է, փոխարենը՝ եկել են 30 հազար Հնդկաստանի քաղաքացիներ»,- ասաց պատգամավորը և վարչապետին տեղեկացրեց, որ այդ ընթացքում ԱԺ-ի դիմաց հավաքվել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մի շարք աշխատակիցներ և ցանկանում են հանդիպում ունենալ վարչապետի հետ՝ «Հարկային օրենսգրքում» կատարվող փոփոխությունների հետ կապված: «Այդ քաղաքացիները Ձեզ սպասե՞ն»,- հարցրեց պատգամավորը։
Վարչապետը պատասխանեց, թե չի կարծում, որ քաղաքացիների հետ շփվելու առումով միջնորդության կարիք կա։
«Քաղաքացիները սխալ հասցեով են եկել, եթե ինձ հետ հանդիպելու համար Ձեզ են դիմել, չնայած վատ չեմ զգում, որ Ձեզ են դիմել։ Կհանձնարարեմ, որ իմ օգնականը մոտենա և լսի քաղաքացիներին, եթե անհրաժեշտություն լինի, ինքս էլ կմոտենամ»,- պատասխանեց վարչապետը։
Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտահանման ծավալների հետ կապված վայրիվերումներ լինելու են։
«Ես արդեն ասել եմ, որ նախորդ տարի արտահանման առյուծի բաժինն ընկնում էր Թեղուտի հանքավայրին, որը մեկ տարի առաջ փակվեց, բայց հավաստիացնում եմ, որ առաջիկա օրերին կբացվի։ Նկատի ունեմ, որ այսօր վայրիվերումներ կարող են լինել, նաև՝ որոշակի անոմալիաներ կարող են լինել՝ էլեկտրականության և այլնի հետ կապված, բայց այն վիճակագրությունը, որը ցույց ենք տալիս, ցանկանում ենք դրանով ասել, որ տնտեսության մեջ մեր պատկերացրած տրանսֆորմացիան տեղի է ունենում, և մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, սա է շատ կարևոր»,- եզրափակեց Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան