
Թրամփը պահանջել է ամերիկացիներին Լուսին ուղարկել 5-ամյա ժամկետում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը:
«Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնել հաջորդ հինգ տարվա ընթացքում»,- ասել է Փենսն ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդի նիստում:
Փենսի խոսքով, որը ղեկավարում է Ազգային տիեզերական խորհուրդը եւ համակարգում է ԱՄՆ-ի տիեզերական քաղաքականությունը, ԱՄՆ-ը կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում մարդիկ կուղարկի Լուսին, իսկ «Լուսնի վրա առաջին կինը եւ հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի աստղանավորդները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից»:
Ավելի վաղ NASA-ի համար 2020 թվականի նախագահական բյուջեի նախագծում ասվել է, որ ԱՄՆ-ը հույս ունի Լուսնի վրա մարդկանց իջեցումը կրկին իրականացնել 2028 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: