Մյուլլերի զեկույցի եզրակացությունը. սպառիչ պատասխաննե՞ր, թե՞ նոր հարցեր

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը՝ Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական թիմի և պաշտոնական Կրեմլի միջև դավադրության և համակարգված ուղղորդման մասին ոչ մի փաստացի ապացույց չի հայտնաբերել:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը կիրակի՝ մարտի 23-ին, Կոնգրեսին հասցեագրված իր նամակում:

Բարրը հրապարակել է երկար սպասված հետաքննության զեկույցի ամփոփումը՝ իր եզրակացությունը, որը արդեն իսկ տարաբնույթ հասարակական քննարկումների ալիք է բարձրացրել:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը իր զեկույցը փոխանցել էր ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը անցած ուրբաթ օրը:

Թեև Մյուլլերի զեկույցը չի հստակեցնում արդյոք Թրամփը փորձել է արգելքներ հարուցել՝ խոչընդոտելով արդարադատությանը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարը և նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը Մյուլլերի զեկույցում չեն բացահայտվել նախագահի կողմից այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանցագործության հանցակազմ համարվել:

Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս՝ կիրակնօրյա լրահոսից ոգևորված Թրամփը հայտարարել է.

«Չի՛ եղել ոչ մի դավադրություն, չկա՛ն խոչընդոտներ արդարադատությանը, լիակատար ու վերջնական արդարացու՛մ: Ամոթ է, որ մեր երկիրը պետք է անցներ այս ճանապարհով: Անկեղծ ասած, ամոթ է, որ ձեր նախագահը նախքան ընտրվելը ու հետո անցավ այս ամենով: Սա անօրինական էր: Հուսով եմ՝ ինչ-որ մեկը կհետաքննի գործի հակառակ կողմը»:

Սենատի Դատական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Լինդսի Գրեհմը Twitter-ի իր գրառման մեջ նշել է.

«Պարոն Մյուլլերը և նրա թիմը հսկայական և մանրակրկիտ աշխատանք են կատարել հետաքննելով Ռուսաստանին գործը: Հիմա, նախքան 2020 թվականը, եկել է երկիրը ղեկավարելու, ինչպես նաև՝ Ռուսաստանի և այլ արտասահմանյան դերակատարների դեմ պայքարելու ժամանակը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրաների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հանդես են եկել հայտարարությամբ և նշել, որ Ուլիամ Բարրից պահանջում են հրապարակել Մյուլլերի ամբողջական զեկույցը:

Ներկայացուցիչների պալատի Սատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերի խոսքերով՝ իր հանձնաժողովը առաջիկայում կհրավիրի Բարրին՝ վկայություն տալու:

«Հարկավոր է, որ դատախազը հրապարակի ամբողջական զեկույցը՝ բոլոր փաստացի ապացույցների հետ միասին, առանց խմբագրման: Այդ լայնածավալ զեկույցը պետք է հասանելի լինի Կոնգրեսին ու ամերիկյան հանրությունը: Այն ամենը, ինչ որ ենթակա է հրապարակման, պետք է անհապաղ հրապարակվի: Ես մտադիր եմ պայքարել այդ թափանցիկության համար: Մենք կխնդրենք Գլխավոր դատախազին վկայություն տալ Դատական հարցերով հանձնաժողովի առջև: Մենք կպահանջենք ամբողջական զեկույցի հրապարակումը», – հայտարարել է Ջերոլդ Նադլերը:

ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուներից մի քանիսը` Կիրստեն Գիլբրենդը, Կորի Բուքերը, Քամալա Հարիսը և Էլիզաբեթ Ուորենը կիրակի օրը հայտարարել են, որ նախագահի դրածո գլխավոր դատախազի կողմից Մյուլլերի զեկույցի համառոտ ամփոփումը անբավարար է:

Ուիլիամ Բարրը իր ամփոփագրում նշել է, որ շուրջ երկու տարի տևած հետաքննության ընթացքում, Մյուլլերի հետ աշխատել են 19 փաստաբաններ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի 40 գործակալներ: Մյուլլերի թիմը դատարան ներկայանալու համար 2800 ծանուցագիր է ուղարկել, հարցաքննել է 500 վկաների և նույն թվով խուզարկություններ է իրականացրել:

Ալաբամայի բնակիչ Սյուզան Հարդգրեյվի կարծիքով Մյուլլերը ճիշտ ժամանակին է ավարտել հետաքննությունը:

«Ցավոք սրտի, կարծում եմ, դա հարկատուների փողերի անտեղի վատնում էր: Ես նկատի ունեմ, որ գուցու և այնտեղ մի բան եղել է, բայց ըստ իս՝ այդ հարցերը պետք էր նախքան ընտրությունները պարզել՝ ոչ թե ընտրություններից հետո: Կարծում եմ, առաջ անցնելու և գործելու ժամանակն է », – ասում է Սյուզանը:

Վաշինգտոնի բնակիչ Քեյթ Գալլագերի կարծիքով, եթե զեկույցի ամբողջական տարբերակը չհրապարակվի՝ հանրությունը կշարունակի հարցականի տակ առնել հետաքննության արդյունքները:

«Թվում է, որ նա ներգրավված է եղել ինչ-որ գործերում, սակայն Մյուլլերը ոչ մի հանցակազմ չգտավ: Կարծում եմ, քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև զեկույցը ամբողջությամբ հրապարակվի: Ամերիկյան հանրությունը առանց զեկույցը կարդալու դժվար կարողանա հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ըստ իս, այլընտրանք չկա: Քաղաքական երկու ճամբարներում էլ մարդիկ հիասթափված են և ցանկանում են իմանալ ճշմարտությունը», – ասում է Քեյթ Գալլագերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ամիս, Ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկությամբ որոշեց պահանջել Մյուլլերի զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակումը:

Տեսանյութեր

Լրահոս