
Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկու վարկանիշը գերազանցել է 30 տոկոսը

Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32,1 տոկոսը պատրաստ է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու օգտին: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մարտի 14-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած հարցման արդյունքները:
«Նրանց թվում, ովքեր ստույգ որոշել են՝ որ թեկնածուին են նախընտրում եւ գնալու են ընտրությունների, Զելենսկու օգտին պատրաստ է իր ձայնը տալ ուկրաինացիների 32,1 տոկոսը: Նրան հաջորդում են նախագահ Պյոտր Պորոշենկոն (17,1 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (12,5 տոկոս)»,-հարցման արդյունքները մեջբերում է «1+1» ուկրաինական հեռուստաալիքը:
Երկրի նախագահի թեկնածու, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոյի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 10,4 տոկոսը, իսկ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ներկայացուցիչ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6,9 տոկոսը:
Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին, դրանց մասնակցելու է 39 թեկնածու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: