Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3%-ով
2019 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընդամենը 0.4%-ով, երբ հունվարի բնակլիմայական պայմանները գրեթե նույնն էին, ինչ 2018թ. հունվարին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ Անահիտ Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս կարող է պատահել, որ 2019թ. հունվար-փետրվարին 2018թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազած լինի 21.0%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալն աճի 1.9%-ով:
«Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ, իրոք, նվազել են 26.3%-ով: 2019թ. հունվարին արտադրվել է 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվարին արտադրվել էր 830.1մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից»,-ասաց նա:
Ավետիսյանը նշեց, որ 2018թ. հունվարին արտադրված 830.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 235.9 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել է 3.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2018թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 597.8 մլն. կՎտ. ժամ (830.1-235.9+3.6): 2019թ. հունվարին արտադրված 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 46.8 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 25.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 590.9 մլն. կՎտ. ժամ (612.1-46.8+25.6):
«Գրեթե նույն պատկերն է հունվար-փետրվար ամիսների համար, երբ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազում 21.0%-ով: Այսպես, 2019թ. հունվար-փետրվարին արտադրվել է 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-փետրվարին արտադրվել էր 1502.2մլն. կՎտ. ժամ: Սակայն 2018թ. հունվար-փետրվարին արտադրված 1502.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 399.0 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 11.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա»,-հավելեց նա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետն ընդգծեց, որ 2018թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1114.5 մլն. կՎտ. ժամ (1502.2-399.0+11.3): 2019թ. հունվար-փետրվարին արտադրված 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 105.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 43.8 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1124.9 մլն. կՎտ. ժամ (1186.7-105.6+43.8):
«Իհարկե դա չի նշանակում, որ բոլոր համադրելի ժամանակաշրջաններում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռները պետք է նույնը լինեն, ինչպես 2019 և 2018թթ. հունվար և հունվար-փետրվարին: Դրանք կարող են տարբեր լինել՝ կախված բազմաթիվ գործոններից»,-նշեց նա:
մլն. կՎտ. ժամ
Հունվար-փետրվար | Արտադրություն | Արտահանում | Ներմուծում | Հաշվեկշիռ |
1 | 2 | 3 | 4 | 5(2-3+4) |
2018 | 1502.2 | 399.0 | 11.3 | 1114.5 |
2019 | 1186.7 | 105.6 | 43.8 | 1124.9 |