Բաժիններ՝

Հայաստան-Ֆինլանդիա. անել ամեն ինչ՝ լավ արդյունքի համար

Այսօր՝ 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 2-րդ հանդիպումը: Մեր մրցակիցը Ֆինլանդիայի ընտրանին է:

Նախընտրական այս փուլում Հայաստանի ազգային ընտրանին ընդգրկվել է J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Հայաստան

Հայկական ընտրանին շատ վատ հանդես եկավ Ազգերի լիգայում: Սակայն Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում վատ տեսք չուներ: Ասել կուզի, որ Հայաստանի հավաքականը ոչնչով չզիջեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Երկու թիմերն էլ շատ ակտիվ չէին, չէին ստեղծում մեծ թվով պահեր, և կար տպավորություն, որ անգամ մի փոքր ճնշման դեպքում հայկական ընտրանին կարող էր հաղթել: Ինչպես Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո նշեց, ազգային ընտրանու ֆուտբոլիստները դեռ նոր են մտնում հունի մեջ և ունեն հարմարվելու խնդիր:

Կարդացեք նաև

Այս խաղին Հայաստանի հավաքականը պետք է ապացուցի, որ առանց նպատակների չի մասնակցում նախընտրական փուլին:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղից առաջ նշել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Հունաստանի հավաքականները շատ նման են իրար մակարդակով, բայց տարբեր են խաղաոճով: Գլխավոր մարզիչը բարձր է գնահատել մրցակցին՝ նշելով, որ Ֆինլանդիայի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել վերջին տարիներին:

Արմեն Գյուլբուդաղյանցը համաձայն է ֆուտբոլիստների այն խոսքերի հետ, որ Բոսնիայի հետ խաղում թիմին պակասեց հավատը:

«Հայկական ֆուտբոլում դա դեռ մանկապատանեկան ֆուտբոլից սկսած է պետք սերմանել երիտասարդների մեջ, որպեսզի նրանք մեծ հավատով մարզվեն։ Նույնիսկ պատանեկան թիմերի հանդիպումների ժամանակ, երբ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ խաղացողների զարգացումը, այդտեղից սկսած է պետք հավատալ սեփական ուժերին, որպեսզի մեծ հաջողություններ գրանցել»,- նշել է մարզիչը:

Կլինե՞ն արդյոք կազմի փոփոխություններ առաջիկա խաղում

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ թիմում կան վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, ինչի պատճառով դժվար է փոփոխություններ անել հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Ըստ մարզչի, նախորդ խաղին դաշտ էին դուրս եկել ֆուտբոլիստներ, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստանում:

«Քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներից մեկն Արամ Հայրապետյանն էր, ով կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել։ Քիչ խաղաժամանակ էր ստանում նաև Կառլեն Մկրտչյանը, ով հիվանդության պատճառով բաց էր թողել հավաքականի վերջին խաղերը։ Նա նույնպես լավագույններից էր իր կատարած աշխատանքով։ Գևորգ Ղազարյանն էլ պաշտպանական գծում շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարում։ Նրանք իրենց նվիրվածության հաշվին կարողացան խաղաժամանակի բացը լրացնել»։

Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է հավաքականի հայտացուցակը: Այս անգամ ևս հայտացուցակից բացակայում է Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանն այժմ խնդիր ունի ակումբի հետ և ստաբիլ չի խաղում: Սակայն Յուրան հրավիրվել է ազգային հավաքական, քանի որ, ըստ մարզչի, դեռևս շատ կարևոր է հավաքականի համար: Յուրան հավաքականի հետ է, քանի որ հավաքականը մեկ ընտանիք է: Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ հույս ունի, որ Մովսիսյանը կլուծի ակումբային կյանքի հետ կապված խնդիրները և մի քանի ամսից կրկին կխաղա հավաքականում:

Վնասվածքների պատճառով հայտավորված չեն հավաքականի առաջատարներից Մարկոս Պիզելին և Արթուր Սարկիսովը: Բոսնիայի հետ խաղից առաջ վնասվածք է ստացել նաև հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Վարազդատ Հարոյանը, ով ջերմում էր Բոսնիայի խաղից առաջ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի հանդիպմանը: Հավաքականի մարզիչը նշում է, որ Հարոյանը բնավորությամբ մարտիկ է և, չնայած առողջական խնդիրներին՝ կարողացավ չեզոքացնել Բոսնիայի առաջատար Էդին Ջեկոյին:

Ըստ գլխավոր մարզչի, այս խաղում թիմի մարտավարությունը որոշվելու է՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների ուժեղ կողմերը:

Մարզչի խոսքով՝ ընտրանին անելու է ամեն բան՝ լավ արդյունք գրանցելու համար:

Ֆինլանդիա

Ֆինլանդիան կարողացավ արդարացնել երկրպագուների սպասելիքները և շատ լավ հանդես եկավ Ազգերի լիգայում: Մարկու Կաներվայի սաները գրավեցին առաջին հորիզոնականը՝ շրջանցելով Հունգարիային 2 միավորով:

Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Ֆինլանդիան զիջեց Իտալիայի հավաքականին 2:0 հաշվով՝ ոչ մի դիմադրություն ցույց չտալով:

Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացրել է հայկական ընտրանու ֆուտբոլիստներին՝ նշելով, որ հայկական թիմում կան շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, և կա գերաստղ՝ ի դեմ Հենրիխ Մխիթարյանին: Սակայն Կաներան նշում է, որ Իտալիայի հավաքականի հետ խաղի նման՝ իրենք անհատապես չեն հսկելու ոչ մի ֆուտբոլիստի:

Ըստ մարզչի, թիմն անելու է ամեն բան հաղթանակի հասնելու համար, փորձելու է իրականացնել բոլոր հնարավորությունները:

Մարկու Կաներվան կարծում է, որ թիմը որակներով 4-րդն է խմբում: Առաջին հորիզոնականում Իտալիան է, երկրորդում՝ Բոսնիա և Հերցեգովինան, երրորդում՝ Հունաստանը:

Ֆինլանդիայի հավաքականին անակնկալի է բերել եղանակը Հայաստանում, քանի որ նրանց ժամանման պահին ձյուն է տեղացել: Սակայն մարզիչը նշում է, որ Հանրապետական մարզադաշտում խոտածածկը լավն է և խնդիրներ չի առաջացնի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս