ԵՄ չի ճանաչում Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ. Reuters
Եվրամիությունը պահպանում է իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների պատկանելության հարցում եւ դրանք Իսրայելի տարածքի բաղկացուցիչ մաս չի համարում: Այդ մասինհայտնել է Reuters գործակալությունը:
«Այդ հարցում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան, չի ճանաչում Իսրայելի սուվերենությունը այն տարածքների նկատմամբ, որոնք Իսրայելը գրավել է 1967 թվականի հունիսից, ներառյալ Գոլանի բարձունքները, եւ դրանք Իսրայելի տարածքի մաս չի համարում»,- գործակալությունը մեջբերել է ԵՄ-ի ներկայացուցչի խոսքը:
Մարտի 21-ին Թրամփը Teitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: FOX Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, թե երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ:
«Ես երկար եմ մտածել դա անելու մասին, դա դժվարին որոշում է եղել ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար, ոչ մի նախագահ դա չի արել»,-ասել է Թրամփը պատասխանելով այն հարցին, թե ինչու հատկապես այժմ նա արեց իր հայտարարությունը Գոլանի բարձունքների վերաբերյալ: 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում:
1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: