Բաժիններ՝

Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է երկրորդ քրգործը. «Փաստինֆո»

Մարտի 14-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Խաչատրյանի խոսքով՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանի ծառայություն իրականացնելու ժամանակ քաղաքացիները հրմշտոց են սկսել, որի ընթացքում նա անհայտ անձի կողմից հարված է ստացել կրծքավանդակի հատվածում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ էլ քրեական գործ էր հարուցել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը։

Նշենք, որ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս