Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին կառավարման հանձնելու համար մրցույթ կհայտարարվի
Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին կառավարման կհանձնվի:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բաց մրցույթ է հայտարարվելու, որի պայմանները խելամիտ են և հաղթահարելի: «Մինչ այս ավտոկայանատեղիից առավելագույն ներդրումը եղել է 77 միլիոն դրամ, սակայն մեր գնահատումներով և ներդրումների միջոցով հնարավոր է բարելավել ցուցանիշները»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղիներ ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավելեց, որ քաղաքապետարանն ամեն տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին տրամադրել է անվճար կայանատեղիներ: «Իրենք ուզում են, որ մենք ավելացնենք ավտոկայանատեղիների քանակը, սակայն աշխատակիցների թիվը մեծ է, և դա հնարավոր չէ: Այն, ինչ տրամադրում ենք, անփոփոխ կմնա, ավելացում, կարծում եմ, չի լինի»,-ասաց նա:
Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ՝ որակական բարձր չափանիշներով, որը հետագայում կարող է օգտագործվել «խելացի» կառավարման համակարգի շրջանակում: Նախատեսվում է ներդնել ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման և վճարման համակարգ, ինչպես նաև կատարել վերանորոգման աշխատանքներ: Ավտոկայանատեղիի շահագործման օրվանից առ այսօր լուսավորության համակարգն էական փոփոխության չի ենթարկվել: Նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը: Մարկետինգային նպատակային քաղաքականության, ինչպես նաև էլեկտրոնային վճարային համակարգերի ներդրման և վճարային փաթեթների վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցով նախատեսվում է զգալիորեն մեծացնել ավտոկայանատեղիի զբաղվածությունը: Հավատարմագրային կառավարման տրամադրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել զեղչային համակարգ, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ կամ մեծ թվով մեքենաներ ունեցող բաժանորդների համար նախատեսված վճարային փաթեթներ:
2013-2018 թթ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված՝ հատկապես ձմռան ամիսներին: Նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում ավտոկայանատեղիից օգտվողների թիվը զգալիորեն ավելի փոքր է մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ՝ պայմանավորված հարակից սրճարանների գործունեության սեզոնային ակտիվությամբ:
Երևանի ավագանու արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 34 անդամ: Օրակարգում ընդգրկված է երկու հարց: