Brexit-ի չեղարկման հանրագիրն ադեն գրեթե 2,5 մլն ձայն է հավաքել
Գրեթե 2,5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց։ Բրիտանական խորհրդարանի կայքի՝ հանրագրերին նվիրված բաժնում մարտի 22-ի առավոտյան նշվում է, որ ներկայում հանրագրի տակ ստորագրել է 2 մլն 451 հազար 828 մարդ:
«Բրիտանական կառավարությունը քանիցս հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մեզ հարկավոր է հակահարված տալ այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե ժողովուրդը որքան ուժեղ է պաշտպանում ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահպանումը»,-ասված է հանրագրին կից մեկնաբանության մեջ:
«Երկրի խորհրդարանն այժմ պետք է որոշի՝ բանավեճեր կազմակերպել արդյոք այս հանրագրի շուրջ, քանի որ այն ավելի քան 100 հազար ձայն է հավաքել: Բացի այդ, հանրագիրը բավարար թվաքանակով ձայներ է հավաքել, որպեսզի բրիտանական կառավարությունը եւս պատասխան տա դրան:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը մարտի 21-ին BBC 4 ռադիոյի եթերում հայտարարել է, որ Լիսաբոնի պայմանագրի՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը կարգավորող 50-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելը հնարավորէ, բայց դա «քիչ հավանական է»: Բրիտանական խորհրդարանի՝ հանրագրերին նվիրված կայքը բարձր հաճախելիության պատճառով հինգշաբթի աշխատում էր ընդհատումներով:
Հանրագիրը սոցցանցերում տարածել են բրիտանական խորհրդարանի անդամները, այդ թվում՝ Լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Թոմ Բրեյքը եւ Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Փիթ Ուիշարթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: