
«Եթե մենք դառնանք նախարարներ, մենք լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և ուզենք, թե չուզենք, սպասարկելու ենք որևէ քաղաքական ուժի շահերը». Վանեցյան

«Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը նախարարություններ դարձնելու վերաբերյալ եթե կլինի քաղաքական որոշում, մենք կենթարկվենք, իսկ խորհրդարանական վերահսկողությունից մենք այսօր էլ չենք խուսափում և ցանկացած ժամանակ կարող ենք փակ և բաց հանդիպումներ ունենալ պատգամավորների հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:
Վարչապետից ուղիղ քաղաքական հրահանգներ, ըստ Վանեցյանի, չեն լինում.
«Քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում, մենք գործում ենք օրենքի շրջանակներում, մեր լիազորություններն իրականացնում ենք բացառապես ՀՀ օրենքներով, և կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը` չարժե, որովհետև եթե մենք դառնանք նախարարներ, մենք լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և ուզենք, թե չուզենք, սպասարկելու ենք որևէ քաղաքական ուժի շահերը»:
Արթուր Վանեցյանը տեղյակ չէ, թե ուր է հասել Երևան հիմնադրամի գործը: Նա նշեց, որ տեղյակ է՝ 1 մլրդ 807 մլն վերադարձվել է պետբյուջե, 500 մլն-ից ավելի գումար էլ չծախսված գումար կար հիմնադրամում և դա էլ են համարում վերադարձված:
«Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակում է»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ այսօր էլ ԱԱԾ-ն շատ ծանրաբեռնված է աշխատում: