Թեհրանն անընդունելի է համարում Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այդ մասին, ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, մարտի 22-ին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։
«(Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի) անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային»,- հայտարարել է Ղասեմին: Նա նաեւ ընդգծել է, որ Գոլանի բարձուքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի համաձայն»: «Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքը կբերեն նոր ճգնաժամերի»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ Թրամփը Teitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: