Հանդարտ լինել բոլորովին էլ չի նշանակում թույլ լինել
Մեզ բոլորիս շատ հաճելի է, երբ եղանակը մեղմ է լինում։ Նույն կերպ մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հանդարտ և հաճելի բնավորություն ունի։
Քանի որ հանդարտությունն Աստծո տված պարգևներից է, տրամաբանական է ենթադրել, որ այն սերտ առնչություն ունի Աստծո էության հետ։ Պետրոս առաքյալը ասում է. «Թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ-որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ» (Ա Պետրոս 3.3-4): Իսկապես, հանդարտությունն ու մեղմությունն աստվածային հատկություններ են։
Հիսուս Քրիստոս էլ պատգամում է. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև» (Մատթեոս 11.28-30):
Հանդարտ լինել բոլորովին էլ չի նշանակում թույլ լինել։ Մյուս կողմից, այն ավելին է, քան պարզապես բարեհամբույր լինելը. դա խառնվածքի մի գրավիչ հատկություն է, որը թարմություն է հաղորդում մարդկային հարաբերություններին: Այն, թե ինչպես ենք վարվում ուրիշների հետ, ցույց է տալիս, թե որքանով ենք կարողանում հանդարտություն դրսևորել։ Անշուշտ, մարդիկ խառնվածքով տարբեր են։ Մեզանից ոմանք ավելի հեշտությամբ են հանդարտություն դրսևորում, քան մյուսները։ Այդուհանդերձ, բոլոր մարդիկ էլ կարիք ունեն հետևելու աստվածային պատգամներին՝ զորացնելով սեփական կամքը և հավատքն առ Աստված։
Հիշենք՝ հանդարտության ետևում կամքի մեծ ուժ է կանգնած:
Մարիետտա Խաչատրյան
qahana.am