Բաժիններ՝

Չինաստանում 640 մարդ է տուժել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, զոհվել է առնվազն 44 հոգի

Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների: Այդ մասին տեղական իշխանությունների ներկայացուցիչները մարտի 22-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է Յանչենի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն: Վերջինս նշել է, որ պայթյունի զոհ է դարձել 44 մարդ, 32 հոգի օրհասական վիճակում է, եւս 58 մարդ ծանր վերքեր է ստացել:

Արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված են 192 հրշեջ հաշվարկ, 930-ից ավելի զինծառայողներ եւ փլատակների հավաքման ծանր տեխնիկա: Առայժմ հրդեհը հաջողվել է մարել քիմիկատների երեք պահեստարանում, ինչպես նաեւ բռնկման եւս հինգ օջախում:

Ցզյանսուի նահանգի իշխանությունները, որտեղ գտնվում է Յանչենը, կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել քաղաքի քիմիական արդյունաբերական գոտում գտնվող բոլոր 68 ձեռնարկությունների աշխատանքը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կառավարությանը ցուցում է տվել օգնություն ցուցաբերել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածներին: «Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում պարզել պատահարի պատճառները եւ հրապարակել դրանք»,- ցուցումից մեջբերում է արել CCTV հաեռուստաալիքը:

Սի Ցզինպինը մարտի 21-ին չորսօրյա պաշտոնական այցով ժամանել է Իտալիա, որտեղից նա կուղեւորվի Ֆրանսիա եւ Մոնակո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս