Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին
Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին: Կարևորելով հայ-իրանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև` Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովումը` այս տարի ևս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն գրությամբ խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականները:
Ըստ դրանց՝ Նովրուզի օրերին Երևան – Մեղրի ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ տեսանելի վայրերում, կապահովվի շարժական շտապ օգնության մեքենաների ծառայություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կապահովի Երևան- Մեղրի ավտոճանապարհի լուսավորությունն ու բարեկարգումը: Սահմանային անցման կետերում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվի Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն ամսագրերի թարմացված տարբերակը: ՀՀ ոստիկանությունը կապահովի Երևան – Մեղրի ավտոճանապարհին ուժեղացված ճանապարհային հսկողություն: Միաժամանակ, առաջարկվել է Երևանի քաղաքապետին` ապահովել Նովրուզի օրերին Երևանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեից փոխանցում են, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:
Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտից՝ ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Մասնավորապես, իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում:
Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «EXPO GROUP» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում նախատեսվում է կազմակերպել «InTour Expo 2019» 6-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Հայաստան-Իրան պետական-մասնավոր ձևաչափով համագործակցության շրջանակներում` պայմանավորվածության արդյունքում այս տարի նույնպես հրավեր է պատրաստվում Իրանական կողմին մասնակցելու ցուցահանդեսին` տրամադրելով անվճար տաղավար:
Աննա Գզիրյան