
Google-ն առաջին դուդլն է թողարկել արհեստական ինտելեկտի հիման վրա

Google ընկերությունը մարտի 21-ին իր որոնիչի մեկնարկային էջում զետեղել է դուդլ (լոգոտիպ՝ ոճավորված որեւէ տոնի կամ իրադարձության պատվին) ՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան: Դա առաջին դուդլն է, որն ստեղծվել է արհեստական ինտելեկտի հիման վրա։
«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց զգալ կոմպոզիտորներ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով: Արհեստական ինտելեկտը հավաքված նոտաները մեկ քլիքով կվերածի իսկական ստեղծագործության Բախի երաժշտական ոճով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օգտատերերը կկարողանան ստեղծել երաժշտական ստեղծագործություններ եւ սոցիալական ցանցերում դրանք միմյանց ներկայացնել երկու օրվա ընթացքում (մարտի 21-ին եւ 22-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը