Բաժիններ՝

Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են. Լիդիան

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ  Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար:

2018թ.-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին: Այժմ աշխատանքների շրջանակը նաև ընդգրկում է Ընկերության ԲՍԱԳ և ՇՄԱԳ փաստաթղթերի ուսումնասիրությունները: Սա, չնայած այն հանգամանքին, որ Ընկերության ՇՄԱԳ փաստաթուղթը նախկինում արդեն իսկ հաստատվել է Հայաստանի կառավարության  կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների՝ մինչև Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկը:

ELARD-ը ընտրվել է Հայաստանի կառավարության կողմից որպես խորհրդատվական ընկերություն՝ գնահատումն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ուսումնասիրությունները կտևեն մոտ 12-16 շաբաթ: 2019թ.-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրեց 396,900 ԱՄՆ դոլար՝ երրորդ աուդիտի ֆինանսավորման համար, և երեկ հայտարարեց, որ աուդիտը մեկնարկել է:

Լիդիանի Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն նշում է,- «Մենք համագործակցել ենք 2018թ.-ի հունիսից ի վեր ճանապարհների շրջափակումից հետո Հայաստանի կառավարության նախաձեռնած նախորդ երկու աուդիտների շրջանակներում և կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը:

Միևնույն ժամանակ մենք աշխատելու ենք Հայաստանի կառավարության կողմից օրենքի գերակայությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի Լիդիանը հնարավորություն ստանա մուտք գործելու Ամուլսարի տարածք և վերսկսելու շինարարական և բնապահպանական աշխատանքները՝ երրորդ աուդիտին զուգահեռ: Չնայած մինչ այսօր մեր բոլոր ջանքերին և երկրում ճանապարհների ապօրինի շրջափակման այլ դեպքերի նկատմամբ ներկայիս կառավարության անհանդուրժողականությանը, Լիդիանի կողմից շինարարական աշխատանքների վերսկսումը շարունակում է  խոչընդոտվել: Հայաստանի կառավարության գործողությունները և անգործությունը Հայաստանում Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որևէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած և զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Ընկերությունը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը: Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Հայաստանի բնապահպանական պահանջներին՝ հաստատելով ծրագրի ՇՄԱԳ-ը: Լիդիանը, հիմնվելով այս հաստատման վրա, Հայաստանում արդեն կատարել է հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս