Բաժիններ՝

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը։

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորեցին մարտի 17-ին, Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցուց, որտեղ տեղի ունեցավ արարողություն։

Հուղարկավորությանը ներկա էր Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նախատեսված էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Ստամբուլում մահացել է մարտի 8-ի կեսօրին, 62 տարեկանում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից նա դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։ Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքը: Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է թափուր: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

Զեկույցն ուղարկվել էր Ստամբուլի նահանգապետարան՝ պահանջելով թույլատրել նոր պատրիարքական ընտրությունների անցկացում։ 2017 թվականի մարտի 15-ին պատրիարքարանում հրավիրվել էր մեկ այլ եկեղեցական ժողովը, որը որոշել էր սկսել պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը։ Այս նպատակով պատրիարքական տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ստեղծվել էր Նախաձեռնող խումբ, որն ամիսներ շարունակ իրականացնում էր պատրիարքական ընտրությունների նախապատրաստման գործընթացը։

Ամիսներ տևած գործընթացից հետո Թուրքիայի իշխանությունները, սակայն, հայտարարեցին, որ չեն ճանաչում եկեղեցական խորհրդի կայացրած որոշումները։ 2018 թվականի փետրվարին միայն՝ Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել էր Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել էր, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, թե առողջական խնդիրները չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար բավարար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:

Ի վերջո` Բեքչյանը Թուրքիայից հեռանալու որոշում էր կայացրել, իսկ Աթեշյանը, ում համայնքի անդամների մի մասը հայտարարում է Թուրքիայի իշխանությունների սիրելի, շարունակում է մինչ օրս պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո, փաստորեն, սկիզբ է դրվելու Պոլսո Հայոց նոր՝ 85-րդ պատրիարքի ընտրություններին։ Ակնկալվում է, որ առաջիկայում պատրիարքարանն այդ ընտրությունների ու դրա կազմակերպման գործընթացի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս