Դավիթ Տոնոյան VS կառավարություն
Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։ Իշխանական մի թևն ամեն կերպ փորձում է վարժարանի ողջ շենքը և գույքը օտարել, և արդեն պոտենցիալ գնորդի են տարել տարածքը ցույց տալու։ Վարժարանի վաճառքի հետ կապված թեմայով սրվել են ՀՀ Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի հարաբերությունները կառավարության աշխատակազմի հետ։
ՊՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի բանակի կադրային դարբնոց համարվող վարժարանին ժամանակին տրամադրված այսօրվա շենքը, սակայն, պարզվում է, իշխանությունների ներսում կա մի «թև», որն ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, և դրան սատարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Հենց Ն. Բաբայանն էլ պոտենցիալ գնորդին կիրակի օրը տարել էր վարժարան՝ «մուշտարու աչքով» շենքը և տեղանքը զննելու։
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել էր, որ վարժարանի համար նոր տարածք են փնտրում, որպեսզի տեղափոխեն և շենքն օտարեն։ Այսինքն՝ իշխանության, մասնավորապես՝ կառավարության մեջ կան անձինք, որոնք շահագրգռված են վարժարանի շենքը և տարածքն արագ ինչ-որ անձանց օտարելու խնդրով, և Ն. Բաբայանն ակտիվորեն իրագործում է այդ մտահղացումը։ ՊՆ-ում կտրականապես դեմ են՝ բանակի համար կարևորագույն այդ կառույցը տեղահանելու հարցում, ավելին՝ դա համարում են հարված բանակին։
Նախարար Դ. Տոնոյանը, ըստ մեր աղբյուրների, շատ կոշտ զրույց է ունեցել կառավարությունում, բայց այս փուլում որևէ հույս չկա, թե շահագրգիռ կողմը կհրաժարվի այդ գաղափարից։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չափազանց կարևոր է բանակի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստող վարժարանը, և իշխանությունների՝ նման քայլով նսեմացվում է բանակի դերը։
Այս օրերին Ն. Բաբայանի տված մեկնաբանություններից ակնհայտ էր, որ բանակի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատության համար այս իշխանությունները «շատ են համարում» նման լավ պայմաններով տարածք զբաղեցնելու փաստը։