Բաժիններ՝

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով:

Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը:

Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար:

Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս