«Մինսկի խումբը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը չի համապատասխանում իրականությանը». Արման Նավասարդյան
«Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ասում՝ եկեք ձևափոխենք բանակցությունների ձևաչափը, Հայաստանն ասում է՝ վերադառնանք այն կետին, որը կար 1994 թվականի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ։ Հիմա ասել, որ Հայաստանն այնպիսի դիրքորոշում ունի, որը կարող է խանգարել այդ գործընթացին՝ բացարձակապես համաձայն չեմ։ Իսկ ի՞նչ է, մինչև այժմ մեր ղեկավարությունը Հայաստանի հարցով գնում էր ճիշտ ճանապարհո՞վ։ Եթե Մինսկի խումը և մյուս եվրոպական բարեկամներն իրոք ուզում են լինել արդար և օբյեկտիվ, նախ՝ թող հետ նայեն ու տեսնեն, թե ինչ է կատարվել 20-րդ դարի ընթացքում այն պետության հետ, որի ճակատագիրը որոշվել է երրորդ երկրի հետ՝ առանց նրա մասնակցության։ Օրինակ՝ ռուս-թուրքական պայմանագիրը, որի արդյունքները բոլորը գիտեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը։
Արման Նավասարդյանի խոսքով՝ Արցախի հարցի հետ կապված այսօր եկել է մի իշխանությունը, որն ասում է՝ Արցախի ժողովուրդը պետք է ներկա լինի իր ճակատագրի հարցի լուծմանը։
Ավելին՝ չկա որևէ կետ, որի վրա կարող են հիմնվել և մերժել այն, ինչն առաջարկում է հայկական կողմը։
«Հիմա ինչ կատարվում է Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր հատվածներով, իր արտացոլումն է գտել նաև այստեղ։ Իրանյան այցը, որը համարում եմ ճեղքում մեր արտաքին քաղաքականության մեջ, այնուհետև Եվրոպա հաջող այցելությունները և ընդհանրապես այն հաջող քաղաքականությունը, որը, ի հեճուկս մեր 5-րդ շարասյան, իրագործում է ՀՀ ղեկավարությունը, համարում եմ դրա լավագույն օրինակներից մեկը։ Սա մեծ և առաջ գնացող հեռանկար ունի։ Կարծում եմ՝ այստեղ պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը չի համապատասխանում իրականությանը։
«Եթե այսօր նրանք աղմուկ են բարձրացնում, որ չի կարելի բանակցային գործընթացի ձևաչափը փոխել, մոռացե՞լ են, թե Բաքուն քանի անգամ է ցանկացել այն փոխել»,- շեշտեց Արման Նավասարդյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով՝ Մինսկի խմբի հայտարարության մեջ նոր ոչինչ չկար։
«Շատ կարևոր է ճշգրտել բանակցային դիրքերը, քանի որ տեղի են ունեցել պատմական սխալներ, պետք է վերականգնել այն ձևաչափը, որը գոյություն է ունեցել և ճանաչվել է բոլորի կողմից։
Ինչ վերաբերում է մադրիդյան առաջարկներին, շատ կարևոր է, որ մենք հստակեցնենք, թե մենք ինչ նկատի ունենք այս ամենի հետևում։ Հստակեցումն անհրաժեշտ է նրա համար, քանի որ տարընթերցումները թույլ են տալիս կողմերին տարբեր ձևերով մանիպուլյացնել և իրենց հասարակություններին իրողությունները տարբեր կերպ ներկայացնել։ Այս հստակեցումները կարևոր խնդիրներ են, որոնք թույլ են տալիս գործընթացներն ավելի պարզ դարձնել ժողովուրդների համար»,- նշեց պատգամավորը։
Զվարթ Խաչատրյան