Բաժիններ՝

«Եթե ակցիզային հարկը ներդնեն՝ գազավորված ըմպելիքների շուկան ահավոր մեծ վնաս է կրելու»

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծի համաձայն՝ ակցիզային հարկով կհարկվեն նաև գազավորված ըմպելիքները:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքա­­րայնություն պարունակող ըմպելիքները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաս­­տանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասու­նանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար՝ նմա­նատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյու­ջեի հարկային եկամուտների կորուստը:

Այժմ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ  հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարի պարունակությունից: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար կազմում է 30 դրամ:

«Օրենքը սկսեցին վնասակարության աստիճանով, հետո Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով դարձավ, որ առողջապահությանը վնաս չի տալիս, ուղղակի լուծում են ֆիսկալ խնդիր: Կոնկրետ պատասխանել են, թե բյուջեում ճեղք ունենք, դա որոշել ենք լցնել ձեր  ու սպառողի հաշվին»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ հավելելով, որ ակցիզային հարկի կիրառմամբ բյուջեի մուտքերը կպակասեն:

«Եթե ակցիզային հարկը ներդնեն, դրա կիրառման  պարագայում ընկերությունների շրջանառությունը միանշանակ կնվազի՝ ավելացված արժեքի հարկը քիչ կվճարվի, հոսանքը՝ նույնպես, կազմակերպությունները շահույթ չեն ունենա և շահութահարկ չեն վճարի, եկամտահարկ չենք կարողանա վճարել, քանի որ մարդիկ գործից կազատվեն, այսինքն, ընդհանուր շղթան ահավոր մեծ վնաս է կրելու: Երկրի տնտեսությունը զարգացնելու համար առաջնահերթ է հարկերը պակասեցնելը, ոչ թե ավելացնելը»,- նշեց Տիգրան Հովսեփյանը:

Դիտարկմանը՝  Կառավարությունը վերջերս ներկայացրել է Հարկային օրենսգրքի նախագիծ, համաձայն որի՝ բացի ակցիզային հարկից, մյուս բոլոր հարկատեսակների գծով իջեցում է սպասվում, «Հայ կոլա» գործարանի տնօրենն ասաց, որ խոսքը վերաբերում է եկամտահարկի հարթեցման սկզբունքին՝ 36 տոկոս եկամտահարկը դառնում է 23 տոկոս, իսկ 2022 թվականից դառնում է 20 տոկոս, բյուջեում ճեղքվածք է առաջանալու:

«Փոքր ու միջին բիզնեսի պարագայում 36-23 տոկոս դառնալն ընդհանրապես ազդեցություն չի ունենալու: 36 տոկոս եկամտահարկ վճարում են այն կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր ստանում են գերբարձր աշխատավարձ: Նման աշխատավարձ ստանում են բանկիրները, IT ոլորտի աշխատակիցները: Մեզ մոտ ստանում են մինչև 200.000 դրամ, ու եկամտահարկը վճարելու ենք այնպես, ինչպես հիմա: Փոքր ու միջին բիզնեսի պարագայում չի ազդում սա»,- նկատեց Տիգրան Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ակցիզային հարկը բարձրանում է, քանի որ ԵԱՏՄ պարտավորություններն են թելադրում այդպես, «Հայ կոլա» գործարանի տնօրենը նկատեց.

«Այդ դեպքում, ինչո՞ւ ՌԴ-ն ու Ղազախստանը չեն ընդունել այդ ակցիզային հարկի դրույքաչափը: Մերժել են, քանի որ գազավորված ըմպելիքների շուկայում բերելու էր աղետալի վիճակի»:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս