«Մենք ուզում ենք, որ «Կամպ Նոուն» մեզ հետ լինի ամենասկզբից: Մենք ունենք աջակցության կարիք». Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ավանդական մամուլի ասուլիս է տվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ:
Մրցակցի մասին
– «Լիոնը» վտանգավոր խաղացողներ ունի, հատկապես՝ հարձակման գծում: Նրանք անպայման փորձելու են օգտագործել նրանց:
Թիմի տրամադրվածության մասին
- Բոլոր մտքերը վաղվա խաղի մասին են: Հաշիվը 0:0 է, և մենք պետք է հաղթենք առաջ գնալու համար: Վաղը մեզ սպասվում է 90 րոպե խաղ, որի ժամանակ հնարավոր կլինի ամեն ինչ: Մենք պատրաստ ենք լավ խաղալ և ձգտել հաղթանակի:
Դեմբելեի մասին
- Դեմբելեն վատ վիճակում չէ: Մինչև վերջ մենք կտեսնենք, թե ինչպես է նա զգում իրեն, և որոշում կկայացնենք: Եթե նա պատրաստ լինի, կխաղա:
Սա շատ կարևոր խաղ է, բայց մենք պատրաստ չենք վտանգի ենթարկել ֆուտբոլիստներին:
Կոուտինիոյի տրանսֆերի մասին
- Այն, թե ինչպես ենք մենք օգտագործում ֆուտբոլիստներին, մեր անձնական գործն է և այդպես էլ մնալու է: Մենք բոլորս ուզում ենք, որ ֆուտբոլիստներն օգտագործեն իրենց ողջ պոտենցիալը, և Կոուտինիոն բացառություն չէ:
Հանգամանքների մասին
– «Լիոնում» ոչ միայն Դեմբելեն կարող է վտանգ ստեղծել: Կա Ֆեկիրը, Դեպայը և շատ ուրիշներ: Ակնհայտ է, որ «Ռեալ Մադրիդին» և ՊՍԺ-ին դուրս թողնող թիմերը շատ վտանգավոր են, և մենք պետք է դա հաշվի առնենք: Մենք հարգում ենք «Լիոնին», դա մեծ թիմ է: Մենք պետք է զգոն լինենք:
Զիդանի մասին
- Զիդանը մեծ մարզիչ է, որ վերադարձել է մեծ թիմ: Կհանդիպենք նրա հետ արդեն մյուս մրցաշրջանում:
Հաղթանակի հնարավորության մասին
- Եթե մենք ստեղծենք այնքան պահեր, որքան առաջին խաղում, ապա դուրս կգանք հաջորդ փուլ: Չեմպիոնների լիգայում անհաջողության դեպքում դու պարզապես դուրս կմնաս առաջնությունից: Իսկ առաջնությունում կա մանևրելու տեղ: Սա ապացուցում է, որ պետք է ունենալ կենտրոնացվածության շատ բարձր մակարդակ: Մենք ուզում ենք, որ «Կամպ Նոուն» մեզ հետ լինի ամենասկզբից: Մենք ունենք աջակցության կարիք:
Ֆեկիրի մասին
– Ֆեկիրը «Լիոնում» մեծ դերակատարություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա միշտ խաղում է հարձակման վերջնական փուլում՝ փոխանցում է կամ հարվածում: Գուցե նա նրանց լավագույն խաղացողն է:
Սիրարփի Աղաբաբյան