Բաժիններ՝

Հայ-բուլղարական բեռնափոխադրումներում զգալի է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը. Արսեն Ղազարյան

Հայաստանը Բուլղարիայի հետ 2017 թվականին ունեցել է թե արտահանման, թե ներկրման աճ: Երևանում մարտի 12-ին մեկնարկած Հայ-բուլղարական համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 360 մլն դոլարի, որը մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարիներից: «Հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները ակտիվ են եղել մինչև 90-ականների վերջը, երբ ապրանքային սովի և շրջափակման ընթացքում մեր հիմնական ներկրումներից մեկը բուլղարական արտադրանքն էր՝ մթերք, խմիչքներ, տեխնոլոգիաներ, շինանյութ»,-ասաց Ղազարյանը, ընդգծելով, որ Բուլղարիան միջանցիկ ճանապարհ է Հայաստանի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց, որ տնտեսական հայ-բուլղարական բեռնափոխադրումների մեջ այսօր զգալի մեծ է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը: « Այսօր ես Բուլղարիային կներկայացնեի Հայաստանի բարձր տեխնոլոգիաները, համատեղ տուրիստական շրջագայությունների հնարավորությունները, ինչու չէ նաև փորձենք վերականգնել Երևան –Սոֆյա և հակառակ ուղղությամբ չվերթը, որն էապես ազդում է բիզնես ակտիվության վրա»,-հավելեց նա:

Հայ-բուլղարական համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս