Ռազմամարզական վարժարանի փոխտնօրենը զարմացած է, ՊՆ-ում և Պետգույքի կառավարման վարչությունում՝ տեղյակ չեն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում էր կատարել, որում ասվում էր.
«Կառավարությունը բարձունք է հանձնում. փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին, շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը Պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա»:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Ա. Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա:
«Սա կրթօջախ է, երեխաները նորմալ դասի են գալիս, ուսուցչական կոլեկտիվը նորմալ աշխատում է, ինչի՞ մասին է խոսքը: Ոչ մի գույք չի օտարվել: Ո՞նց եք պատկերացնում՝ կրթօջախի գույքը օտարվի, բա երեխեքը ո՞նց են դաս անելու»,- զարմացած նշեց փոխտնօրենը:
ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից և ՀՀ Պաշտպանության նախարարությունից էլ հայտնեցին, որ տեղյակ չեն խնդրից ու խոստացան պատասխանել ավելի ուշ:
Անի Կարապետյան