Արագածոտնի մարզպետարանը փնտրում է «դավաճանին», ով իրենց ցուցումով չի քվեարկել
Արագածոտնի մարզի մեր աղբյուրները տեղեկացնում են մարզում վարչական ռեսուրսի չարաշահման հերթական դեպքի մասին։
Երեկ Մուղնու հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունն էր։ Առաջադրված էին երեք թեկնածուներ։ Հիմնական պայքարը ընթանում էր նախկին տնօրեն Գրետա Համբարձումյանի (ում ցանկանում էր գյուղի բնակչությունը և ում համար դեռևս նախորդ իշխանության ժամանակ փողոցներ էին փակվում) և Անուշ Փարեմուզյանի միջև (ում բացեիբաց սատարում էին ներկայիս մարզպետն ու փոխմարզպետը՝ ի հաշիվ Աշտարակի քաղաքապետի հանդեպ ունեցած պարտավորության)։
Չնայած օրեր շարունակ դպրոցի կառավարման խորհրդի անդամներին ուղղված մարզպետարանի և քաղաքապետի զանգերին, սպառնալիքներին, ձայների 5-3 հարաբերակցությամբ ընտրվել է Գրետա Համբարձումյանը։
Այս փաստն այնքան ծանր են տարել մարզպետարանում, որ բերման են ենթարկել կառավարման խորհրդի անդամներին, բացատրություն պահանջել և փորձել պարզել «դավաճանին», ով իրենց ցուցումով չի քվեարկել, այլ պարզապես խղճով է առաջնորդվել։
ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ