«Էբերհարդ» փոթորիկը կաթվածահարել է երկաթուղային երթևեկությունը Գերմանիայի արևմուտքում
«Էբերհարդ» փոթորիկը, որը մարտի 10-ին մոլեգնել է Գերմանիայի մեծ մասում, գործնականում կաթվածահարել է երկաթուղային երթեւեկությունը երկրի արեւմուտքում: Հետեւանքները կզգացվեն նաեւ մարտի 11-ին, ինչը մասին հայտնել է Deutsche Bahn կոնցեռնի ներկայացուցիչը:
«Կդիտվեն ինչպես հեռագնա գնացքների, այնպես էլ տարածաշրջանային շարժակազմերի երթեւեկության զգալի սահմանափակումներ»,-նշել են ընկերությունում: Կիրակի անբարենպաստ եղանակի պատճառով Deutsche Bahn-ն ամբողջովին դադարեցրել էր երկաթուղային հաղորդակցությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում: Ինչպես սպասվում է, այսօրվա ընթացքում այն աստիճանաբար կնորմալանա:
Դորտմունդում, Քյոլնում, Օսնաբրյուկում եւ Մայնի Ֆրանկֆուրտում կոնցեռնը հարյուրավոր ուղեւորների տրամադրել է գնացքներ, որպեսզի նրանք կարողանան գիշերել դրանցում:
Զաուերլանդի տարածաշրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս) ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվում էր 47-ամյա մի տղամարդ, ինչի հետեւանքով նա մահացել է:
Թյուրինգիայում անբարենպաստ եղանակն արտաքին աշխարհից կտրել է մի գյուղ: Ֆյորիցտալ-Մյոնհսբերգ տանող միակ ճանապարհը փակվել էր սաստիկ քամուց տապալված ծառերով:
Բավարիայում եւ Բադեն-Վյուրտենբերգում հրշեջները հարյուրավոր անգամ մեկնել են՝ վերացնելու փոթորկի հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: