Համաշխարհային օվկիանոսում պլաստիկե թափոնների քանակը 2030 թվականին կարող է կրկնապատկվել. WWF
Մինչեւ 2030 թվականն աշխարհում պլաստիկե թափոնների ընդհանուր ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով, իսկ Համաշխարհային օվկիանոսն աղտոտող աղբի քանակը կկրկնապատկվի: Այս մասին հաղորդվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տարեկան զեկույցում:
WWF-ի բնապահպանների տվյալներով՝ վերջին 18 տարում քիմիական արդյունաբերության թափոնների մակարդակը գործնականում կրկնապատկվել է պլաստիկի դարաշրջանի սկզբի նկատմամբ, իսկ օդի եւ օվկիանոսների աղտոտման մակարդակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ըստ որում այդ երեւույթի հետեւանքները համաշխարհային էկոհամակարգի համար անկանխատեսելի են:
«Այժմ պլաստիկե իրերի արտադրության ծավալը կազմում է տարեկան շուրջ 53 կիլոգրամ յուրաքանչյուր մարդու հաշվով: Դրանք արտադրում են անվերահսկելիորեն, առանց իրական կարիքների հաշվառման, եւ դա թույլ չի տալիս ո՛չ կարգավորել աղտոտման մասշտաբը, ո՛չ էլ կանգնեցնել դրա աճը»,- ընդգծում է WWF-ն:
WWF-ի հետազոտությունը վկայում է, որ տարեկան 100 միլիոն տոննա պլաստիկ է աղբ դառնում՝ աղտոտելով հողը, գետերը եւ օվկիանոսները: Պլաստիկե թափոնների անվերահսկելի այրման արգասիքները դառնում են քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թվի ավելացման պատճառ եւ սպառնալիքի տակ դնում կենդանիների 270 տեսակների գոյությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: