Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պետական համակարգում կրճատումները լինելու են մինիմալ
Հայաստանում պետական համակարգում կրճատումները կլինեն միավորվող նախարարությունների կրկնվող օղակներում: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին:
Պատգամավորը նշեց՝ վերջերս սոցիալական ցանցում տարածվել էր փաստաթուղթ, որտեղ խոսվում էր պետական օղակում հնարավոր օպտիմալացման մասին։ «10 հազար քաղաքացու կրճատման մասին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանում տվեց, որ այն վատագույն և անհնար սցենար է»,-ասաց Աբրահամյանն ու հետաքրքրվեց աշխատողների աշխատանքի գնահատման ընթացակարգերի ներդրմամբ:
«Այդ գրագրության մեջ ասված է՝ եթե պարզվի, որ պետական համակարգում 10 000 արդյունք չստեղծող մարդ կա, պետք է նրանց ազատել: Իսկ Հանրապետականները խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը: Այդ արձագանքը շատ կարևոր է հասկանալու, թե Հայաստանը 20 տարի ինչպես է կառավարվել: Այդ ժամանակ պետական կառավարման համակարգ են եկել ծանոթ, բարեկամները: Եվ հիմա կրճատումներն, ըստ էության, կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով: Կրճատումներ կլինեն կրկնվող նախարարությունների կրկնվող օղակներում»,-վստահեցրեց վարչապետը:
Նա նշեց՝ օրինակ` միավորված նախարարության երկու իրավաբանական վարչության պետերը չեն կարող աշխատել: Սակայն վարչապետը նկատեց՝ բարձր որակավորմամբ իրավաբանն իր զբաղվածության հարցը լուծելու որևէ խնդիր չպետք է ունենա:
«Չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, և բոլորն առանց բացառության կստանան շանս՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատել»,-եզրափակեց Փաշինյանը: