Արաբկիր վարչական շրջանում սկսվել է մայթերի վերականգնումը
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա, 15 հասցեում կառուցապատում իրականացնող կազմակերպությունն սկսել է իր ուժերով այդտեղ մայթի վերականգնման աշխատանքները. կառուցապատողը շեղվել էր Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ հարակից համայնքային հողատարածքներում շինություններ կառուցելով։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները:
«Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված նախագծով պետք է լիներ 5մ, սակայն այս պահին այն մոտ 8մ է», – նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:
Համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցապատում անելու համար նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ կառուցապատողը պարտավորվել էր խախտումները վերացնել սեփական ուժերով: Օրեր առաջ առաջնահերթ քանդվեց դպրոցի հետնամասին հարող կցակառույցը: Այսօր մեկնարկել են մայթի վերականգնման աշխատանքները:
«Կառուցապատոմից և տարածքը բարեկարգելուց հետո ի հայտ եկավ խնդիր, որն առնչվում է տեխնիկական փոքր շինությանը, որի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ներկայացվեց, որ կան փոքր շեղումներ, որը մենք ինքնակամ վերացրինք: Հիմա ընթանում են ապամոնտաժման աշխատանքները», – նշել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Նաիրի Մնացականյանը:
Բարեկարգման աշխատանքներից հետո տարածքը կկանաչապատվի և կբերվի նախկին տեսքի:
Կոմիտասի 15-ն Արաբկիրում միակ հասցեն չէ, որտեղ հայտնաբերվել են խախտումներ:
Հրաչյա Քոչարի փողոցի՝ Վրացական-Փափազյան հատվածում հետիոտնի համար մայթ չկա: Խնդիրը շուրջ 30 տարվա պատմություն ունի: Բնակիչներն ու դպրոցի աշակերտներն ստիպված քայլում են փողոցի երթևեկելի հատվածով:
«1990-ականներին անկանոն կառուցապատումների հետևանքով գրավվեցին մայթերը: Այս տարի որոշել ենք խնդրին վերջնական լուծում տալ: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ: Մայթի կառուցումն այստեղ ոչ այնքան հարմարավետության, որքան քաղաքացիների անվտանգության համար է: Հետագայում նախատեսում ենք վերակառուցել նաև փողոցի մյուս հատվածը»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Շուրջ 500մ երկարությամբ հատվածում կկառուցվի 1.5 – 1.8մ լայնությամբ մայթ: Հաշվի առնելով տեղանքի թեքությունը՝ կկառուցվեն նաև սահմանված չափանիշներին համապատասխան հարմարավետ թեքահարթակներ: Շինարարությունը կմեկնարկի ամռանը, և կարճ ժամանակ անց բնակիչները կքայլեն մայթով՝ չվախենալով իրենց և երեխաների անվտանգության համար:
Վարչական շրջանի ղեկավարը նշում է՝ նման խնդիր կա նաև Արաբկիրի մի քանի այլ հատվածներում: Մինչև տարեվերջ մտադիր են դրանց մի մասը ևս վերակառուցել»:
Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողն իր իսկ ուժերով վերացնում է խախտումները
Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողն իր իսկ ուժերով վերացնում է խախտումներըՀրաչյա Քոչարի փողոցի՝ Վրացական-Փափազյան հատվածում էլ հետիոտնի համար կկառուցվի մայթ:
Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Mittwoch, 6. März 2019