Սպարապետի թեման Մանվել Գրիգորյանի համար նուրբ ու անձնական թեմա է. Փաստաբան

Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը նրա առողջական վիճակի վերաբերյալ դիմում է պատրաստում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկան ակնհայտ է»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանը ցանկություն չի՞ հայտնել այցելելու «Եռաբլուր», փաստաբանը պատասխանեց, որ Մ. Գրիգորյանն ի պատիվ Սպարապետի՝ իր որդուն անվանակոչել է Վազգեն անունով:

«Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, և նա չէր կարող ցանկություն հայտնել կամ չհայտնել, սա հանրահայտ փաստ է, պատկերացրեք նաև նրա հոգեկան վիճակը, որ այսօր գտնվում է կալանքի տակ։ Վազգեն Սարգսյանի հետ կապված թեման Մանվել Գրիգորյանի համար բավականին նուրբ ու անձնական թեմա է, ձեռնպահ եմ մնացել դրա շուրջ նրա հետ խոսելուց։ Բայց լավ զգացել եմ նրա հոգեվիճակը՝ ծանր է տանում»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը փետրվարի 7-ին կտրուկ վատացել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից դուրս էր գրվել մարտի 1-ին և կրկին տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս