Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի B1 վարկանիշը
Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները.
- ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ
- արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ
- կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:
Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:
Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:
Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
- բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում
- ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
- իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: