Բաժիններ՝

Արամ Սիմոնյանը՝ քաղաքացուն 30 մլն դրամ «քցելու» և Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում չշփվելու մասին

«Առաջ քաշված հարցն իրավական տեսանկյունից միանգամայն կամայական է, որովհետև չկա ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, որի ավարտին դեռ մեկ տարի կա, և կասկածի տակ դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող դնել»,- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ այստեղ կա քաղաքական խնդիր։

«Մարդիկ չեն ուզում ինձ տեսնել այս պաշտոնում, որովհետև ընտրված եմ։ Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու։ Ես հավատում եմ, որ հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում կընդունի։ Եթե իմ հրաժարականի մասին լինի՝ կենթարկվեմ դրան, բայց բռնի կերպով, ինչ-որ մարդկանց ցանկությամբ դա կատարելն անընդունելի եմ համարում»,- նշեց ռեկտորը։

Խոսելով ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում ունեցած իրենց հարաբերությունների մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց.

«Ես համոզված եմ, որ իշխանության ոչ բոլոր օղակները նման գործելակերպ ունեն: Վերջին հաշվով՝ վարչապետն ԱԺ ամբիոնից կոչ արեց հարգել բուհերի ինքնավարությունը: Դա ինձ համար աքսիոմա է, բայց ԿԳ նախարարությունը՝ հանձինս նախարարի ու նրա խորհրդականի, ովքեր նախկին համալսարականներ են, երևի ինչ-որ խնդիրներ են ունեցել ինձ հետ: Ռեկտորը չի կարող ինչ-որ մեկի ոտքը չտրորել: Բնական է, մեծ հիմնարկ է, դժգոհողներ կլինեն, չէ՞»:

Հարցին՝ այսինքն վենդետա՞ է:

«Ինչ-որ մի տեղ կարող է դա լինել, թեև համոզված չեմ»,- պատասխանեց ԵՊՀ ռեկտորը:

«ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմի՞ց»,- եղավ հաջորդ հարցը:

«Արայիկ Հարությունյանի հետ ես համալսարանում աշխատելու տարիներին չեմ շփվել: 2-3 անգամ տեսել եմ, երբ գնացել եմ դեկանի հաշվետվությանը: Իր աշխատանքի պայմանագիրը, ի դեպ, ես եմ ստորագրել: Դեկանը եկավ, ասաց, որ լավ երիտասարդ կա արաբագետ, իսկ մենք նման մասնագետների կարիք ունեինք: Լսելով դեկանի բացատրությունը, խոսելով ամբիոնի վարիչի հետ՝ հրամանագրել եմ»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

Հարցին, թե՝ չե՞ք փոշմանել, ռեկտորը պատասխանեց.

«Ոչ, ես ոչ մի բանում չեմ փոշմանում: Ինչ եղել է՝ հօգուտ համալսարանի է եղել: Ես, նույնիսկ նրանք, ովքեր ինձ դեմ են եղել, նրանց պաշտոնը բարձրացրել եմ, որովհետև, իմ խորին համոզմամբ՝ անձնական վրեժխնդրությունը մեծագույն հիմարություն է, իսկ ակադեմիական աշխարհում նման գործելաոճն աղետի է բերում»:

Արամ Սիմոնյանը խոսեց նաև նիստի ժամանակ ամբիոնին մոտեցած քաղաքացու մասին, ով ասաց, թե Արամ Սիմոնյանն իրեն 30 մլն դրամ «քցել» է:

«Նա մեզ մոտ բուֆետապան է, 10 տարուց ավելի է՝ բուֆետն աշխատացնում է: Բազմաթիվ կոնֆլիկտներ են եղել, քանի որ ժամանակին չէր մուծում ոչ սպասարկման գումարը, ոչ պետության հասանելիքը: Մենք նրան տեղյակ պահեցինք, որ այլևս իր հետ պայմանագիր չենք կնքելու: Նա ասաց, թե՝ դուք սրա «գմփունը» կլսեք: Նա ահավոր կոնֆլիկտային անձնավորություն է, իր հետ աշխատելը դժվար է: Մենք պետության հասանելիքն ենք ուզել նրանից»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ էր հրավիրված, որի օրակարգի միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն էր:
Նիստի ընթացքում օրակարգի փոփոխության հարցի քվեարկություն տեղի ունեցավ, օրակարգը չհաստատվեց, և նիստը հետաձգվեց:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս