Համերգ՝ նվիրված Սերգեյ Քյոսայանի ծննդյան 100-ամյակին
Փետրվարի 28-ին, ժամը 15֊ ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, ուր շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր և մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, տեղի կունենա իր ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ։ Համերգի ընթացքում հնչելու են նրա սաների և վերջիններիս սաների կատարումները:
Կոմպոզիտոր, ԽՍՀՄ վաստակավոր ուսուցիչ, հայրենական պատերազմի մասնակից Սերգեյ Քյոսայանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 16-ին, Գյումրիում։ Նա պարգևատրվել է արիության մեդալով։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:
1938-1941թթ. ղեկավարել է Մոսկվա կինոթատրոնի նվագախումբը։
1940-41թթ. աշխատել է Երևան կինոստուդիայում՝ երաժշտական մասի ղեկավար։ 1945-47թթ. ղեկավարել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախումբը։
Սկսած 1947-1952թթ. աշխատել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում որպես փոխտնօրեն, ապա 1952-ից նույն դպրոցի տնօրեն մինչև իր կյանքի վերջը՝ 1979թ.։
Նրա անաչառ աշխատանքի շնորհիվ իր տնօրինության տարիներին երաժշտական դպրոցը տվել է բազմաթիվ համաշխարհային դափնեկիրներ, հայտնի և աշխարհահռչակ երաժիշտներ, որոնց թվում են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Արթուր Փափազյանը, Լևոն Աբրահամյանը, Էդվարդ Թադևոսյանը, Վահրամ Սարաջյանը, Ռուբեն Այվազյանը և ուրիշներ:
Վաղը կատարումներով հանդես են գալու Անահիտ Ներսեսյանը, Հասմիկ Անչարակյանը, Իզաբելլա Մարությանը, Ալեքս Գևորգյանը, Ալինա Ադամյանը, Հասմիկ Նալբանդյանը, Ալլա Սահակյանը, Գարի Քյոսայանը: