Բաժիններ՝

Ճկուն ժամացույց, գերհզոր մարտկոց և շատ նոր սմարթֆոններ. MWC 2019

Բարսելոնայում տեղի ունեցավ ամենամյա Mobile World Congress-ը: Մի շարք ընկերություններ ներկայացրին թե՛ պրոդուկտներ, որոնք շուտով կլինեն շուկայում, և թե՛ ապագայի գադջեթներ:

Nubia-ն ցուցադրեց ճկուն էկրանով ժամացույց

Վերջին ժամանակներում ներկայացվեցին ճկուն և ծալվող սմարթֆոններ, սակայն Nubia-ն գնաց այլ ճանապարհով: Ընկերությունը ներկայացրել է ճկուն դիսփլեյով ժամացույց, որի կապվող մասն ու էկրանն իրարից առանձնացված չեն:

Nubia Alpha-ն կստանա դիսփլեյ, որն ամբողջությամբ գրկում է ձեռքը: Կա քարտով աշխատող տարբերակ, որի միջոցով հնարավոր կլինի մուտք գործել համացանց: Գինը, սակայն, շատ բարձր է:

Կարդացեք նաև

Ժամացույցում օգտագործվել է 4 դյույմանոց OLED դիսփլեյ՝ 960×192 պիքսել ընդլայնմամբ: Սա թույլ է տալիս էկրանին ցուցադրել մեծ քանակի ինֆորմացիա՝ ժամ, ծանուցումներ, ֆիզիկական ակտիվությունը և այլն: Հաղորդագրությունները տեսնելու համար պետք չէ դիպչել էկրանին, պետք է պարզապես պտտել դաստակը:

Nubia Alpha ժամացույցն աշխատում է Snapdragon Wear 2100 պրոցեսորով: Սա նորագույն չիպ է՝ նորագույն սարքավորումների համար: Ժամացույցն ունի 1 ԳԲ օպերատիվ և 4 ԳԲ հիմնական հիշողություն: Ժամացույցն անգամ ունի 5 ՄՊ տեսախցիկ:

Հիմնական տարբերակում ժամացույցը կարող է աշխատել միայն սմարթֆոնի միջոցով: Հետագայում շուկայում կհայտնվի eSIM տարբերակը, որը կաշխատի՝  որպես առանձին սարքավորում:

Ստանդարտ Nubia Alpha-ն կարժենա 449 եվրո, իսկ քարտով տարբերակը՝ 549 եվրո:

Ժամացույցը շուկայում կհայտնվի 2019 թվականի վերջում:

Energizer՝ ռեկորդային մարտկոցով սմարթֆոն

Բարսելոնայում ներկայացվել է նաև Energizer Power Max P18K Pop սմարթֆոնը, որն աշխատում է ռեկորդային՝ 18 հազար մԱ·ժ-ով: Նման հզորության պատճառով սմարթֆոնը նման է մեծ աղյուսի:

The Energizer սմարթֆոնն ունի Galaxy S10-ից 5 անգամ հզոր մարտկոց: Ընկերությունը խոստանում է, որ Power Max P18K Pop-ը կգործի 90 ժամ խոսակցությունների ռեժիմում, 50 օր՝ սպասման ռեժիմում, կամ 2 օր շարունակ՝ տեսահոլովակներ դիտելով: Բացի այդ, այն կարող է աշխատել՝ որպես powerbank: Սակայն նման սմարթֆոնը շատ դանդաղ է լիցքավորվելու՝ 9 ժամ՝ շատ հզոր ադապտերի միջոցով:

Եթե հաշվի չառնեք հաստությունը, Power Max P18K Pop-ը նման է սովորական սմարթֆոնի: Այն ունի Full HD 6,2 դյույմանոց դիսփլեյ, աշխատում է Helio P70 պրոցեսորով և ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հիմնական հիշողություն:
Power Max P18K Pop-ն ունի եռակի հիմնական և կրկնակի դիմային տեսախցիկ: Սմարթֆոնի  գրեթե ամբողջ դիմային հատվածը փակող էկրանի եզրագծերն այնքան նեղ են, որ դիմային տեսախցիկի համար տեղ պարզապես չի մնացել: Տեսախցիկի տեղաշարժվող տարբերակը տեղադրել են վերևում: Տեղաշարժվող լինելու շնորհիվ տեղադրվել է երկու սենսոր՝ 16 և 2 MP:

Energizer-ը դեռ չի հայտնել սմարթֆոնի թողարկման ամսաթիվն ու արժեքը:

Oral-B-ն ներկայացրել է արհեստական ինտելեկտով աշխատող խոզանակ

MWC-ի ընթացքում ներկայացվում են ոչ միայն սմարթֆոններ, այլև տարատեսակ գադջետներ:  Օրինակ՝ Genius X խոզանակը, որը սովորեցնում է մարդկանց, թե ինչպես է պետք ճիշտ մաքրել ատամները:

Oral-B Genius X խոզանակն աշխատում է արհեստական ինտելեկտով, ինչի շնորհիվ  հավաքում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են մարդիկ ամեն օր մաքրում իրենց ատամները: Այս տվյալների հիման վրա ընկերության փորձագետները հավաքում են ատամների մաքրման հիմնական սխալների վիճակագրություն: Այնուհետև յուրաքանչյուր օգտատեր ստանում է տեղեկատվություն այն մասին, թե բերանի խոռոչի որ հատվածին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Այս տվյալները ստանալու համար պետք է ատամի խոզանակի հավելվածը միացնել սմարթֆոնին՝ Bluetooth-ի միջոցով: Ծրագրում կա տեղեկատվություն ատամների մաքրման ժամանակի և  ձևի մասին: Անհրաժեշտության դեպքում ալգորիթմը կօգնի հասկանալ, թե ինչ է պետք անել:

Genius X-ը վաճառվում է հատուկ տուփի հետ միասին, որի միջոցով հնարավոր է լիցքավորել խոզանակը կամ սմարթֆոնը:

Խոզանակի վաճառքը կսկսվի 2019 թվականի ամռանը: Գնի մասին դեռևս տեղեկություններ չկան:

ZTE-ն ներկայացրել է Axon 10 Pro սմարթֆոնը՝ 5G-ով

MWC-ի ընթացքում ընկերութունները շարունակաբար խոսում էին նոր սերնդի կապի մասին: ZTE-ը ներկայացրել է 32 ՄՊ տեսախցիկով, 5G կապով հասանելի սմարթֆոն:

ZTE Axon 10 Pro-ն դարձել է ընկերության առաջին սմարթֆոնը, որն աշխատում է 5G-ով: Այն աշխատում է նոր Snapdragon 855 պրոցեսորով, 6 կամ 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հիմնական հիշողությամբ:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ապակուց և մետաղից:

Դիսփլեյն ունի 6,47 դյույմ անկյունագիծ, Full HD-ով աշխատող AMOLED էկրան: Մատնահետքի սկաները տեղադրված է հենց դիսփլեյում:

Ֆլագմենն ունի նաև եռակի տեսախցիկ՝ 48+20+8 ՄՊ հզորությամբ: Դիմային տեսախցիկը ստացել է 20 ՄՊ սենսոր:

Axon 10 Pro-ի 5G տարբերակը սկզբում կհայտնվի միայն Չինաստանում և որոշ եվրոպական երկրներում, որտեղ կգործարկվի նոր սերնդի բջջային ցանցը: Այլ շուկաների համար կվաճառվի սովորական տարբերակը`առանց 5G-ի: Վաճառքը կսկսվի ոչ ուշ, քան 2019 թվականի երկրորդ կեսին:

OnePlus 7-ին սպասում են հիմնարար փոփոխություններ

Կոնգրեսի ժամանակ ընկերությունը խոսել է 5G սմարթֆոնի իր տարբերակի, ինչպես նաև ֆլագմենային OnePlus 7-ի մասին:

OnePlus 5G-ը կլինի ավելի մեծ, քան OnePlus 7-ը: Նոր սմարթֆոնի անունը դեռևս հայտնի չէ:

OnePlus 7-ը կունենա OPPO Find X-ին շատ նման դիզայն: 6,5 դյույմ անկյունագիծ ունեցող AMOLED էկրանը կունենա Full HD+ (2340×1080): Սարքավորումը կաշխատի Snapdragon 855 մոբայլ պլատֆորմում: Այն կունենա 6-10 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կունենա 2 մոդուլ՝ 48+5 ՄՊ:

OnePlus 7-ը շուկայում կլինի 2019 թվականի 2-րդ կամ 3-րդ կիսամյակում:

Սարքավորման արժեքը դեռևս հայտնի չէ:

Nokia-ն ներկայացրել է 5 տեսախցիկով, 3 բյուջետային և ստեղներով սմարթֆոններ

Nokia 9 PureView

Nokia 9 PureView-ը ընկերության երկար սպասված սմարթֆոնն է, որը ունի 5-ակի տեսախցիկ:

Nokia 9 PureView-ը պետք է ներկայացվեր դեռ նախորդ տարի, սակայն տեսախցիկի աշխատանքները տևեցին շատ ավելի երկար, քան սպասվում էր: Դա հասկանալի է, քանի որ սա աշխարհում առաջին սմարթֆոնն է, որ միանգամից կունենա տեսախցիկի 5 մոդուլ:

Nokia-ի հետ զուգահեռ՝ տեսախցիկների վրա աշխատել է ZEISS-ը (օպտիկայի և տեսախցիկների լեգենդար արտադրող Գերմանիայում): ZEISS-ից օգտագործվել են հատուկ  ալգորիթմներ, որոնք նկարահանումից հետո բարելավում են նկարների որակը:

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 մարտկոցով: Այն ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներդրված հիշողություն:

Բացի 5 տեսախցիկներից, սմարթֆոնն ունի նաև շատ լավ էկրան՝ OLED-մատրիցա, կատարյալ սև էկրան և 10 բիթանոց HDR10: Նման տեսախցիկներով սմարթֆոնի համար դա շատ կարևոր է:

Հեռախոսը և՛ դիմացի, և թե՛ հետևի մասում պատված է Gorilla Glass 5 ապակիով:

Nokia 4.2

Կոնգրեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է նաև 3 բյուջետային սմարթֆոն, որոնցից ամենաթանկարժեքը Nokia 4.2-ն է: Այն ունի 5,7 դյույմ անկյունագծով HD+ էկրան: Սմարթֆոնն ունի 2 հիմնական  տեսախցիկ՝ 13+2 ՄՊ, և մեկ դիմային տեսախցիկ՝ 8 ՄՊ: Կորպուսի վրա կա  Google Assistant-ն ակտիվացնող կոճակ:

Սմարթֆոն աշխատում է Snapdragon 439 բյուջետային պրոցեսորով: Nokia 4.2-ն ունի հիշողության մի քանի տարբերակ՝ 2 կամ 3 ԳԲ օպերատիվ, ինչպես նաև 16 կամ 32 ԳԲ ներդրված: microSD-ի միջոցով հնարավոր է մեծացնել  սմարթֆոնի հիշողությունը մինչև 400 ԳԲ: Սմարթֆոնն աշխատում է  Android 9.0-ով:

Nokia 4.2-ի գինը սկսվում է 169 դոլարից:

Nokia 3.2

Այս ավելի համեստ սմարթֆոնը կստանա 5,3 դյույմ անկյունագծով էկրան, սակայն այն ևս կունենա HD+: Այն ունի ստանդարտ տեսախցիկ՝ 13 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային:

Սմարթֆոնի առանձնահատկություններից է 400 մԱ·ժ հզորությամբ մարտկոցը: Ընկերությունը խոստանում է, որ այն կապահովի 2 օր աշխատանք: Սմարթֆոնն ունի Snapdragon 429 պրոցեսոր, 2 կամ 3 ԳԲ օպերատիվ և 16 կամ 32 ԳԲ ներդրված հիշողություն:

Սմարթֆոնը կարժենա 239 դոլար:

Nokia 1 Plus

Սա ընկերության ամնաբյուջետային սմարթֆոնն է: Այն աշխատում է Android 9.0 օպերացիոն համակարգով, որը հարմարեցված է համեստ սմարթֆոնների համար: Էկրանի անկյունագիծը 5,45 դյույմ է: Սմարթֆոնն ունի նաև  MediaTek MT6739WW  մարտկոց, 1 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներդրված հիշողություն:

Nokia 210

Ընկերությունը շարունակում է ներկայացնել ստեղներով հեռախոսներ: Nokia 210-ը կունենա դասական դիզայն՝ թվային ստեղներով: Սպասման ռեժիմում այն կարող է աշխատել մինչև 20 օր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս