Բաժիններ՝

Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ «Վստրեչի Ապերի» կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում  

«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է:

«Քրեական վարույթն ընթացել է բավականին լուրջ բացթողումներով: Գործի քննությունն ի սկզբանե, մեղմ ասած՝ օբյեկտիվ չի իրականացվել արդարության բացահայտման ուղղությամբ: Եվ նախաքննության, և Առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում  պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, որպես կանոն,  սահմանափակվել են օրենքներով, բայց արդարադատություն չեն իրականացրել: Երբ քրեական գործը հարուցվել է, նախաքննական մարմնի ձեռք բերված ապացույցներով մեծ թվով մարդիկ պետք է  որ մեղադրյալի կարգավիճակ ունենային, սակայն նման կարգավիճակ ստացել է ընդամենը երկու հոգի:

Եվ անձինք, ովքեր մեղադրվել են ծանր հանցագործություն կատարելու համար, մեր «արդարամիտ դատարանների» ու «քննիչի ու դատախազի աշխատանքի շնորհիվ» անազատության մեջ գրեթե չեն մնացել: Նման արարք կատարած ցանկացած այլ անձինք գոնե նախնական կալանքը կրելու էին քրեակատարողական հիմնարկում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են Ձեզ առևանգել, տուժող Մամիկոն Բագրատունին պատասխանեց.

«Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղի՞ց են Արամ Վարդանյանին ինֆորմացիա հասցրել, որ ես իր բարեկամուհու հետ եմ կապնվել: Նա բացատրություն չի տվել»:

Տուժողը նշեց նաև, որ իրեն բազմիցս են ասել, հասկանո՞ւմ է, թե ում հետ գործ ունի, մեկ է, Արամ Վարդանյանն ազատ է արձակվելու, հիմա ավելի ուժեղ մեջք ունի:

«Իր ծանոթները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անուններն էին տալիս:

Բայց ես չեմ լռելու, բողոքել ենք, գնալու ենք մինչև Եվրադատարան: Արդեն 9-րդ ամիսն է լրանում, որ պետությունն իմ  անվտանգությունն ապահովում է: Այսինքն, տեսել է խնդիր: Փաստեր, ձայնագրություններ կան, որ իմ ընտանիքին ահաբեկել է: Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ Արամ Վարդանյանի կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում: Թող ինչ-որ մեկը ասի՝ կանչել ենք, բացատրել ենք, հասկացել է»,- նշեց Մամիկոն Բագրատունին:

Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ հիմա բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են րոպեների ընթացքում ճակատագրական որոշումներ կայացնում:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակել է Արամ Վարդանյանի քրեական գործով դատավճիռը: Գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի և նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործը՝ կարճվել։

Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018 թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, ապա հոկտեմբերի 1-ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի էր ենթարկվել Հայաստան։

Նշենք, որ Արամ Վարդանյանը, ըստ մեղադրանքի, կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ. հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս