Բեռլինում ադրբեջանական մշակութային նոր «հուշակոթողը»

Տարիներ առաջ, 2012թ. նոյեմբերի 12-ի «168 Ժամ» օրաթերթում «Մեծ տերությունների արխիվները, հայագիտական ժառանգությունն ու ադրբեջանական քարոզչությունը» վերտառությամբ մեր հրապարակման մեջ մեր ահազանգով փորձեցինք անգործության մատնված Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ նրա՝ արտերկրում ներկայացուցչությունների ուշադրությունը բևեռել այնպիսի հիմնախնդրի վրա, ինչը կոչվում է պատերազմ, որն առկախված է մեր ժողովրդի գլխին պատմական ճակատագրի բերումով։

Այդ պատերազմի անքակտելի մասն է կազմում հակահայկական տեղեկատվական և մշակութային պատերազմը, մի պատերազմ, որում մենք արդեն պարտություն ենք կրել։ Հարևան Ադրբեջանը, որի ժողովուրդն ու ղեկավարությունը, իբր թե, նախապատրաստվում է Ղարաբաղի հարցի խաղաղ հանգուցալուծմանը և, դրան հաջորդող՝ հարևան հայության հետ խաղաղ գոյակցությանը, ինչպես՝ մեզ, այնպես էլ՝ միջազգային հանրությանը արդեն իսկ նախապատրաստել է ընդունել այն, ինչը պետք է ընդունել՝ որպես կատարված փաստ։ Ընդհանուր գաղափարը մեկն է, ընդունել ադրբեջանական պետության քաղաքական սահմանները՝ ըստ նրա մշակութային սահմանների։ Ընդ որում, մշակութային սահմանների տիեզերական ֆանտազիան դրացի ժողովրդի մոտ այնքան անսահման է, որքան անսահման է տիեզերքը։ Բայց քաղաքական երկնակամարները, այնուամենայնիվ, մեր դրացիները նվաճում են։

Այս համատեքստում՝ քաղաքական շինծու հենարանի վրա անխնա պետական միջոցները մսխած մեր պաշտոնյաների հայացքից, կամա թե ակամա, վրիպել է այն պարզ իրողությունը, որ նենգափոխելով հայ ժողովրդի պատմությունը՝ հարևանը դանդաղ, բայց հստակ քայլերով նախապատրաստում է միջազգային խաղասեղանին վիճարկվող Ղարաբաղի և նրա հարակից տարածքների ճակատագիրը։ Խոսքը, որքան էլ տարօրինակ թվա, Լեռնային Ղարաբաղի մասին է. մի տեղանուն, որը շրջանառության մեջ դրվեց համաշխարհային քարտեզագրության պատմության մեջ անցյալ դարաշրջանի 20-ական թվականներին։ Լեռնային Ղարաբաղ տերմինն ինքնին, ինչը խոսում էր Դաշտային Ղարաբաղի գոյության փաստի մասին, այդպես էլ դուրս մղվեց քաղաքական բառարանից՝ հետագա սերունդների համար վերածվելով մեծագույն առեղծվածի։

Չգիտես ինչո՞ւ, մինչ օրս որևէ հետազոտող չի կարողացել հանգամանալից կերպով ներկայացնել 1923թ. արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների կարկատանի բովանդակությունը։ Գաղափարի ու ծրագրի առեղծված թվացող բովանդակությունը նրանում էր, որ ձևավորելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, բոլշևիկյան ինտերնացիոնալի հետևորդ թաթար ազգայնականներն անդամահատեցին Ղարաբաղն ամբողջությամբ, նրանից կտրելով դաշտային հատվածը՝ Շահումյանի շրջանն ու Գետաշենը, Գանձակը՝ իր մերձակա հայկական գյուղերով։ Նաև Աղդամ ավանը, որն Անդրկովկաս կատարած թուրքական ներխուժումից ի վեր, ավանից աստիճանաբար վերածվեց պանթուրքիզմի կենտրոնի։ Իրականում շինծու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կազմում էր Խամսայի հայկական մելիքությունների և ողջ Ղարաբաղի տարածքի մեկ երրորդը։

Ինչպես ադրբեջանական պատմագրությունը, այնպես էլ նրան, ըստ էության, իր անգործությամբ նպաստող հայ պատմագրությունը մինչ օրս չեն հաջողել մատուցել շարքային մահկանացուներին և միջազգային հանրությանն այն ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հանգուցալուծման՝ ինչպես փուլային, այնպես էլ՝ փաթեթային կոչվող տարբերակներն ունեն մի հանգրվան՝ հայ ժողովրդի մասնակի կամ ամբողջական ոչնչացման վերջաբանը։ Այն նույն վերջաբանը, ինչին արժանացան օսմանահայերը, ինչին զոհ գնացին Բաքվի, Գանձակի, Շուշի քաղաքի և Դաշտային Ղարաբաղի հայությունը։ Ընդ որում, իմ խորը համոզմամբ, հայ պատմագրությունը մինչ օրս չի կարողացել լուսաբանել 1918թ1 սեպտեմբերին Բաքվի հայության ողջակիզման առեղծվածը։

Իսկ առեղծածը ոչ միայն Բաքվի հայ բնակչության բնաջնջումն էր, այլ նաև Բաքվի մերձակայքում գոյություն ունեցող մի շարք հայկական գյուղերի իսպառ ոչնչացումը։ Այդ գյուղերի առկայության մասին ինձ, օրինակ, հաջողվեց ծանոթանալ միայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում։ Մինչ օրս լուսաբանված չէ անգամ, թե ինչպիսի՞ պայմաններում և ո՞ր ուղղությամբ անհայտացավ Անդրկովկասում գերիշխող հայկական կապիտալը, որի գլխավոր կենտրոնը նավթաշատ Բաքուն էր։ Իսկ Բաքվի հայկական մշակութային օջախների և ճարտարապետական կոթողների մասին խոսք անգամ որևէ տեղ չի էլ հնչել։

Միայն հայտնի է, ու արդեն մեծի մասամբ մոռացության տրված այն փաստը, որ 1918թ. սեպտեմբերի 15-ին սկսված հայկական ջարդերին զոհ գնացին շուրջ 30 հազար հայեր։ Դրանով ավարտվեց Անդրկովկասում հայկական կապիտալի գերիշխանությունը, իսկ նավթաշատ Բաքվում կուտակված ոսկին, նավթահորերը, շարժական ու անշարծ գույքն անցավ թաթար մուսաֆաթի և նրան իր օժանդակությունը ի սպաս դրած դաշնակիցների ձեռքը։ Այդ գործում մեծ էր Մեծ Բրիտանիայի դերակատարությունը։

Սեփական ոճրագործությունների պատմությունը սրբագրող ադրբեջանական իշխանությունները երբեք չեն զլացել, գուցե՝ նաև զոհից թալանված միջոցներով, նենգափոխել իրականությունը՝ հայ ժողովրդին ներկայացնելով՝ որպես արյունարբու հեղափոխականներ, պառակտիչ և միջազգային ահաբեկիչներ։ Կարճ ասած, ադրբեջանական քարոզչությունն ընդամենը փորձում է ամրապնդել այն թեզը, որն արդեն ամրագրված է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած բանաձևերում։ Ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում գերիշխում է, և այդ փաստը մինչ օրս որևէ մեկը չի հերքել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտին «գրավյալ տարածքներ» են, որոնք պետք է վերադարձվեն պատմական տիրոջը՝ Ադրբեջանին, իսկ ԼՂ հարցը կստանա իր լուծումը հանրաքվեի միջոցով։

Ընդ որում, հայկական կողմը բանակցությունների ընթացքում, հավատարիմ մնալով կոմպլեմենտար քաղաքականությանն ու «Մադրիդյան սկզբունքներին», քննարկման մեկնակե է ընդունել այն անընդունելի հայեցակարգը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ենթական է լուծման «կարգավիճակ՝ ընդդեմ տարածքների վերադարձի»։ Սերժ Սարգսյանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մատուցված փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունները փակուղի են մտել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը պահանջել է հստակ նշումներ հանրաքվեի իրականացման ժամկետների վերաբերյալ։ Ադրբեջանը դրան չի համաձայնել։

Կարճ ասած՝ իրեն «գրավյալ տարածքներ» մատուցող Հայաստանից Ալիևը պահանջել է ողջ ԼՂ-ն։ Այլ կերպ դա որակել հնարավոր չէ։ Ուստի, 1994թ. մայիսին ստորագրված զինադադարին հաջորդող շրջանում, ինչպես ԼՂ կարգավիճակի շուրջ ընթացող բանակցություններում, այնպես էլ՝ անտեղյակ ուղեղների լվացմանն ուղղված ադրբեջանական ու նրան սատարող ուժերի տեղեկատվական պատերազմում, մենք, անշուշտ, հանդես ենք գալիս՝ որպես պարտված կողմ։ Սրա արդյունքում, ակնհայտ է, որ միջազգային հանրությունն արդեն ամրագրել է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները հանդիսանում են Ադրբեջան պետության պատմական և մշակութային ժառանգության անքակտելի մաս։

Իմ խորը համոզմամբ, սա տեղի չէր ունենա այն ժամանակ, երբ մենք ինքներս, հաշվի առնելով առկախված վտանգը, կարողանայինք աշխարհին մատուցել այն պարզունակ ճշմարտությունը, որ Օսմանյան Թուրքիայում և Կովկասում անցած դարաշրջանում տեղ գտած հայ ժողովրդի տևական բնաջնջումը վտանգել է որպես ազգ մեր գոյությունը նաև ներկա դարաշրջանում։ Իրականում, սակայն, աշխարհում քչերն են տեղյակ՝ ինչպես անցյալին, այլև՝ մեր ներկա քաղաքական առօրյային։

Ընդհակառակը, Ադրբեջանն աշխարհին հաջողությամբ համոզում է, որ մեզ պետք է դիտել՝ որպես միջազգային կապիտալի գործիք, տարաբնույթ շահերի սպասավոր՝ ահաբեկիչ։ Համենայնդեպս, դա են հուշում Ադրբեջանի կողմից ֆինանսավորված և Արևմտյան Եվրոպայում հրատարակված աշխատությունները։

Նշեմ դրանցից միայն մի քանիսը` Օլեգ Կուզնեցովի «Անդրազգային հայ ահաբեկչության պատմությունը քսաներորդ դարում։ Պատմա-քրեագիտական հետազոտություն», (The History of Transnational Armenian Terrorism in the Twentieth Century: A Historico-Criminological Study, 2016), գերմաներեն լեզվով Յոհաննես Ռաուի «Ժողովրդավարություն. Առաջին փորձը։ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը (1918-1920թթ)» (Islam und Demokratie: Der erste Versuch: Die Aserbaidschanische Demokratische Republik (1918-1920, 2011) և այլ հրատարակություններ։

Ադրբեջանական ներդրումներն այս իմաստով չեն սահմանափակվում։ Ամենածախսատարը, սակայն, Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ, Բեռլինի կենտրոնական մասում գտնվող «Հյուսիսային դեսպանատներ» արվարձանում, ԳԴՀ-ում Թուրքիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների հարևանությամբ վեր խոյացող Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան մշակութային բաժանմունքն է, որը ոչ պաշտոնական լեզվով արդեն կրում է «Ադրբեջանի մշակութային տուն» անվանումը։

Շքեղ այս նորակառույցը, որի շինարարության վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, ոչ ավել, ոչ պակաս՝ չորս հարկանի է։ Կառուցված է այնպիսի հաշվարկներով, որպեսզի այնտեղ կարողանան աշխատել ավելի քան 500 աշխատակիցներ։ Իր ճոխությամբ և ծավալներով այն անգամ գերազանցում է որոշ գերտերությունների դեսպանատների ծավալները։ Եվրոպական դեսպանատների արանքում խցկված այս ճարտարապետական հսկան հավանաբար նախագծվել է այնպես, որ անգամ, եթե ապագայում անգործության մատնվի, կատարի իր առաքելությունը՝ աշխարհին ծանուցի ադրբեջանական մշակույթի վեհության ու շքեղության փաստը։

Միանգամայն պարզ է, որ շինության գլխավոր առաքելությունը քաղաքական ներգործությունն է՝ դրանից բխող ողջ հետևանքներով։ Իսկ այն պարզ ճշմարտությունը, որ հայ ժողովրդի հազարամյա մշակութային ժառանգությունը և պատմական անցյալը ոտնակոխ է արվում ադրբեջանական քարոզչական մեքենայի ու նրան հետևող ռազմական խուժանի կողմից, Հայաստանում քչերին է հետաքրքրում։

պ.գ.թ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ,

Բեռլին, Գերմանիա

Տեսանյութեր

Լրահոս