Հացադուլ հայտարարած անձանց խնդիրները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են. նրա աշխատակազմը չհայտարարված այցեր է կատարել ՔԿՀ-ներ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյան հետ, ովքեր փետրվարի 12-ից հայտարարել են անժամկետ հացադուլ, ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 18‑ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի հետ։ Նրանք գանգատվել են ընդհանուր թուլությունից և ոսկրային ցավերից:
Առանձնազրույց է տեղի ունեցել նաև 2019 թվականի փետրվարի 10-ից հացադուլ հայտարարած Կարեն Հովհաննիսյանի հետ, ով հացադուլ է հայտարարել՝ կապված իր վերաբերյալ քրեական գործի քննության հետ:
Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Կարեն Հովհաննիսյանի մոտ առկա է զարկերակային հիպերտենզիա, ինչպես նաև լարվածության ստենոկարդիա:
Բժշկական փաստաթղթերում առկա է եղել նաև նշում այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ին Կարեն Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման նպատակով կանչվել է շտապ բժշկական օգնություն, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: Նշված փաստն առանձնազրույցի ընթացքում հաստատել է նաև Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ իր որոշումն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ստացիոնար բուժում նշանակելու դեպքում չի կարողանա մասնակցել 2019 թվականի փետրվարի 22-ին կայանալիք դատական նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի իր խափանման միջոցի հարցը: Այնուամենայնիվ, Պաշտպանը Կարեն Հովհաննիսյանի բժշկական օգնության հարցով գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Առանձնազրույց է տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած ազատությունից զրկված մյուս անձանց հետ:
Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմերի հետ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռներին, քրեական գործերի քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապին, պահման պայմաններին և այլն:
Բարձրացված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ և տեղում լուծում ստացել:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր»։