Բաժիններ՝

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելել է Բժշկական համալսարան

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն փետրվարի 26-ին այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման սկզբում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը, խոսվեց բուհի գիտական աշխատողների, ուսանողների մասին: Նշվեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են նաև մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, և իրականացվում է եռալեզու կրթություն:

Պատվիրակության անդամները տեղեկացվեցին նաև բուհի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասին: Այնուհետև ռեկտոր Արմեն Մուրդյանը խոսեց ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնների մասին: Նա փաստեց, որ աշխարհում մեծ է բժշկական սխալներից մահացության թիվը, ուստի, բժշկական համալսարանում անհրաժեշտություն էր սիմուլյացիոն ուսումնական կենտրոնների բացումը: Կարևորվեց այն հանգամանքը, որ Սիմուլյացիոն կենտրոնները հնարավորություններ են ստեղծում ԵՊԲՀ կրթական գործընթացում կիրառել հիվանդության ընթացքի և դիֆերենցիալ ախտորոշման ուսուցման համար համակարգչային ծրագրեր և հեռավար ուսուցման տարրեր: Կենտրոնների միջոցով նաև բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը հնարավորություն է տալիս ակնհայտորեն բարելավել ուսանողների գործնական հմտությունների զարգացումը և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում:

Համալսարանի պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի և մյուս պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերին ներկայացվեց ցուցադրություն Սիմուլյացիոն կենտրոններում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչի հետ քննարկվեցին նաև հետագա գործունեության զարգացման հնարավորությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս