
Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 26-ին ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով փորձի փոխանակումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա պլանավորված միջոցառումների 83 տոկոսն իրականացվել է:
Հանդիպման ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը: Այն ներառում է 20 միջոցառում Հայաստանում և Հունաստանում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: