«Եթե հաջողվի մարտի վերջին ունենալ ԵՄ-ի հետ հաստատված ճանապարհային քարտեզը, հրաշալի կլինի». Էդգար Առաքելյան

Հարցազրույց ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ուշանում ճանապարհային քարտեզի հաստատումը, այն ավելի վա՞ղ չպետք է լիներ։

– Աշխատանքային պրոցես է, ՀՀ կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է դրա վրա, և նաև գիտեք, որ այն եվրոպացի գործընկերներին է ներկայացված, իրենք իրենց մեկնաբանություններն ու դիտողություններն են անում, այսինքն՝ նորմալ աշխատանքային պրոցես է։ Եթե հաջողվի մարտի վերջին ունենալ հաստատված ճանապարհային քարտեզը, հրաշալի կլինի։

– Պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը հովանոցային ֆոնդի շրջանակներում մեծացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը, սակայն հայտնի է, որ անցած տարի կառավարությունը չի կարողացել ակտիվացնել ԵՄ ֆինանսական ծրագրերը, և բազմամիլիոնանոց ծրագրեր կան, որ կանգ էին առել ու ձգձգվել։ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այստեղ։

– Կառավարությունը պետք է առավելագույնն անի, որպեսզի նման խնդիրների մենք չբախվենք, և ամբողջ գումարն առավելագույն արդյունավետությամբ ու ըստ նպատակի օգտագործվի։

– Պ.Սվիտալսկին նաև ասել է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն ընտրությունները, այնուամենայնիվ, կատարյալ չէին: Ձեր կարծիքով՝ ընտրությունները կատարյալ դարձնելու համար ի՞նչ է հարկավոր անել։

– Ես կարող եմ ենթադրությունների տեսքով մեկնաբանել պարոն Սվիտալսկու այդ խոսքը, որ, եթե նկատի ունի, որ մենք պետք է աշխատենք Ընտրական օրենսգիրքը փոխելու ուղղությամբ և կյանքի կոչենք ռեյտինգայինից հրաժարվելու մեր մտադրությունը, որն արտահայտված էր Ընտրական օրենսգրքի նախագծում, որը 2018 թ. հոկտեմբերի վերջին ներկայացվեց Ազգային ժողով, բայց չանցավ, ապա՝ այո՛, մեր խմբակցությունը բազմիցս ասել է, որ պատրաստ է աշխատել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վրա։ Դա մեր օրակարգում է։

Եթե այլ բան նկատի ունի, հստակեցման կարիք կա, բայց կարծեմ այլ բանի տեղիք մեր իշխանություններն առանձնապես չեն տվել, ուստի չեմ էլ ուզում այլ ուղղությամբ մտածել, թե ինչ նկատի ուներ։

– Հայաստան-ԵՄ միջև վիզաների ազատականացման վերաբերյալ դեսպանը նշել է, որ երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժի ապահովման երաշխիքներ ու մեխանիզմներ ստեղծվեն: Ի՞նչ մեխանիզմներ պետք է լինեն, որ Վրաստանի օրինակը չկրկնենք, ու մեր քաղաքացիները չգնան ու մնան Եվրոպայում։

– Միայն Վրաստանի օրինակը չէ, մենք նաև Մոլդովայի և Ուկրաինայի օրինակը գիտենք, որտեղ հսկայական թվով մարդիկ, օրինակ՝ Մոլդովայից՝ շուրջ 300 հազար, գնացել են ու չեն վերադարձել։ Մյուս կողմից՝ Հայաստանից նախորդ տարվա ընթացքում ԵՄ երկրներում հանձնվածների թիվը, որքանով ինձ հայտնի է վիճակագրությունը, զգալի նվազել է, այսինքն՝ ավելի քիչ մարդ է վիզայով մուտք գործում Եվրամիության տարածք ու խախտելով վիզայի ժամկետները՝ մնում այնտեղ՝ փորձելով աշխատանք գտնել կամ այլ կարգավիճակ ստանալ։ Սա լավատեսություն է ներշնչում։

Ամեն դեպքում եվրոպացիներն իրավունք ունեն այդ առումով մտավախություններ ունենալու՝ նորից հաշվի առնելով Արևելյան գործընկերության այլ 2 երկրների հետ ունեցած փորձը։ Սակայն, եթե մենք այս դրական դինամիկան պահպանենք, սա ևս մեկ փաստարկ կլինի, որ Հայաստանի հետ կարող են ավելի վստահելի գործընկերության նախանշաններ լինել այս մասով։

Տեսանյութեր

Լրահոս