Հաջորդ ուսումնական տարվանից Շիրակի մարզում չեն լինելու դիզելային վառելիքով ջեռուցվող դպրոցներ
Մինչև 2019 թվականի ավարտը Շիրակի մարզում դիզելային վառելիքով ջեռուցվող դպրոցներ չեն լինի: Այս մասին մարզի դպրոցների տնօրենների հետ փետրվարի 25- ի հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում այս պահին կա դիզելային վառելիքով ջեռուցվող 18 դպրոց: Արդեն հաշվարկներ են կատարվում այդ դպրոցների ջեռուցման այլ տարբերակի անցնելու հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքային հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանն անդրադարձավ նաև ոլորտի հիմնահարցերին ու առաջիկա անելիքներին:
«Աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում ես ավելի շատ զբաղված եմ եղել կրթության, այսպես ասած, «հրդեհների» մարմամբ, այսինքն՝ տարատեսակ վեճերի ու տարաձայնությունների քննարկմամբ: Կրթության կազմակերպիչները նախկինում դարձել են քաղաքական անառողջ խաղերի մասնակիցներ, հետո նաև դերակատարներ և տնտեսական կապերի շահաբաժին ձեռք բերելու գործիք: Արդյունքում տուժել է կրթական գործընթացը: Հիմա փոխվել է ամեն ինչ»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը վստահեցրեց, որ այսուհետ կրթական գործընթացի ու կրթության կազմակերպիչների նկատմամբ վերաբերմունքը հստակ է լինելու. յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է լինելու՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները: «Կրթության վարչությունը հստակ հանձնարարական է ստացել մշակելու Շիրակի մարզի կրթության զարգացման «ճանապարհային քարտեզ», որի միջոցով մենք կնախանշենք մեր առաջնահերթություններն ու դրանց լուծմանը միտված ձեռնարկները: Առաջին քայլերից մեկն է լինելու ուսուցիչների բանկի ստեղծումը, որը հնարավորություն կտա համակարգից դուրս մնացած մասնագետներին աշխատանք գտնելու»-նշեց մարզպետը հավելելով, որ առաջիկայում կստեղծվի Շիրակի մարզի կրթության զարգացման աշխատանքային խումբ, որն իր բնույթով լինելու է խորհրդակցական մարմին, ինչը հնարավորություն է տալու մարզպետին որոշումների կայացման հարցում ունենալ նաև մասնագիտական եզրակացություն:
Արմենուհի Մխոյան