Արամ Ա-ի ուշագրավ ակնարկները. Նա քննադատել է ՀՀ իշխանություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ուշագրավ էր հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարեւորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, եւ ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր եւ կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել եւ այդ սպասումներն իրագործել»,- ասել է Արամ Ա-ն:
Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների եւ իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բեւեռացումներ չառաջացնենք: Եթե կան բեւեռացումներ, այդ բեւեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարեւոր եմ համարում»:
Այլ կերպ ասած` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը թեեւ ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը` շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» եւ բեւեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը: Սա հազիվ թե պատահականության հետեւանք լինի` հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները, երբ խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ միաբերան խոսում էին իրենց նկատմամբ իշխանությունների կողմից իբր ճնշումների մասին:
Նման տեսակետ փորձում են տարածել նաեւ ՀՀԿ-ական գործիչները, նաեւ ՀՅԴ-ականներն ու Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շրջապատի հետ: Սրան զուգահեռ կա նաեւ այլ տեսակետ, ըստ որի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության վրա ՀՅԴ-ն դարերով ունեցել է ազդեցություն. կարելի է որոշակի հետեւություններ անել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: