Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան (Էնդի) Արմենյանը, Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Հայր Սասունը, «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, որոնք ելույթներ են ունեցել:
Ի տարբերություն հայաշատ Լոս Անջելեսի հայ համայնքի, թեև տեղի համայնքը սակավաթիվ է, այնուամենայնիվ, մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում. Մխիթար Հայրապետյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր: Ներկաներից շատերի գնահատմամբ՝ իրենց համայնքն ինչ-որ չափով անտեսված է եղել, և այսօր իրենք ուրախությամբ են ընդունում Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին:
Մխիթար Հայրապետյանին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել. դրանք վերաբերել են Հայաստանում հայտարարված տնտեսական հեղափոխությանը, ներդրումներին, անցումային արդարադատությանը, բնապահպանական խնդիրներին, կրթության ոլորտին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ձևավորմանը և այլն:
Լաս Վեգասի հայ համայնքն ունի երկու շաբաթօրյա դպրոց, երկու եկեղեցի և գործող շուրջ մեկ տասնյակ համահայկական կառույցներ: