«Հարկավոր է, որ պաշտոնյաները գիտակցեն, թե երբ ինչ են խոսում և ինչ հիմնավորումներով». Գագիկ Մակարյանը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի բոլոր հարուստ մարդիկ իրենց կարողության 70 տոկոսը պետք է տան պետությանը: Ըստ նրա՝ այդ մարդիկ հարստացել են ոչ օրինական ճանապարհով։ Ավելին՝ նա պնդում էր, որ այս գործընթացն իրականացնելու համար որևէ իրավական գործընթաց և դատարանի որոշում պետք չէ։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտարարություններին, նկատեց՝ կառավարությունը չպետք է նման մոդելներով աշխատի, քանի որ գոյություն ունեն այլ ձևեր, և կառավարության մոտեցումը նման հարցերի վերաբերյալ պետք է այլ կերպ լինի։
«Նման հայտարարություններ անելիս՝ պետք է շատ զգույշ լինեն և, ամենակարևորը՝ լինեն հիմնավորված։ Եթե կառավարությունն ունի հստակ ցուցակ և հաշվարկման մեխանիզմ, թե, ինչպես իրենք են ասում՝ ապօրինի ճանապարհով հարստացածները քանի տոկոսն են, քանի որ սա բարդ հաշվարկ է, և այդպես մատների վրա հաշվել, թե 70 տոկոսն ապօրինի են հարստացել, իսկ 30 տոկոսը՝ ոչ, սխալ է։ Այնուհետև կառավարությունը պետք է հասկանա, թե այդ 70 տոկոս հարստությունն ինչպես է տալու պետությանը, դա փո՞ղ է լինելու, թե՞ մարդն իր ստեղծած բիզնեսն է տալու։
Կամ, եթե պետությունը տվյալ բիզնեսը վերցրեց, արդյո՞ք կկարողանան կառավարել։ Եթե պետությունը պետք է այդ բիզնեսը վերցնի ու վաճառի ինչ-որ մեկին, դրա փոխարեն՝ կարող է տվյալ գործարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նա ինչ-որ ծրագրեր իրականություն դարձնի։ Այսինքն՝ ի՞նչ կարիք կա՝ մեկից վերցնի և ավելի էժան գնով վաճառի մեկ ուրիշին։ Եթե խոսքը պատժելու կամ կոմպենսացնելու մասին է, ապա պետք է հասկանան նաև՝ դրա հետևանքներն ինչ են լինելու։ Որովհետև եթե այդպիսի քայլերով «կպնեն» բիզնեսին, կարող է Հայաստանի տնտեսությունը վեր ու վար լինել, քանի որ դրա ազդեցությունը մեծ է տնտեսության մեջ՝ շրջանառությամբ և աշխատատեղերով»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Նրա դիտարկմամբ, եթե ՀՀ կառավարությունը կամ Ազգային ժողովն ունեն հստակ հաշվարկներ, թե ով ինչ ճանապարհով է հարստացել, ապա լավ կլինի ապօրինի հարստացածների հետ գնա երկխոսության՝ պարտավորեցնելով, որպեսզի իրականացնեն արդյունավետ բիզնես ծրագրերի իրականացում, զարգացնեն ենթակառուցվածքներ, և այլն։
Հարցին, եթե Հայաստանում հարուստներն իրենց ունեցվածքի 70 տոկոսը տրամադրեն պետությանը, արդյո՞ք սա չի վանի ներդրողներին, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ այդ ամենը, իհարկե, կվախեցնի հնարավոր ներդրողներին։
«Կառավարությունն իր աշխատանքով դեռ պետք է ապացուցի՝ ստեղծված հնարավորությունները կարողանո՞ւմ է լավ օգտագործել։ Հեղափոխություն անելու համար շատ գոհ ենք, բայց կառավարությունը պետք է ապացուցի, որ այդ հնարավորությունները կկարողանա լիարժեք օգտագործել։ Իսկ եթե չի կարողանում օգտագործել և առաջնորդվում է նման կոչերով, ապա սա կարող է գործին վնասել։
Ընդհանրապես ներդրողներն առաջնորդվում են հետևյալ կերպ, եթե այս կառավարությունը հարուստներից վերցնում է, ապա ի՞նչ երաշխիքներ ունեն, որ իրենց հետ նույնկերպ չեն վարվի։ Որովհետև եթե մի դեպք լինում է, հնարավոր է՝ այն հետագայում կրկնվի։ Հայաստանում սեփականությունն ամրագրվում է Սահմանադրությամբ, և այս կոչը որոշակիորեն հակասում է Սահմանադրության այդ հոդվածին»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Ըստ նրա՝ երբ պաշտոնյաները ելույթ են ունենում պետք է հիշեն, որ, եթե երեկ իրենցից միայն անձ էին ներկայացնում, ապա այսօր արդեն պաշտոն ունեն և «հնչեցնում են աթոռի ձայնը, իսկ աթոռի ձայնն արդեն ուրիշ է»։
«Հարկավոր է, որ պաշտոնյաները գիտակցեն, թե երբ ինչ են խոսում և ինչ հիմնավորումներով»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։
Զվարթ Խաչատրյան