Ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը որոշել գարնան առաջին օրն Աշտարակի ձորում դիմավորել
«Հրապարակ» թերթը գրել էր, թե Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Մտադիր է շարունակել իր նախորդների ավանդույթները և գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, դիմավորել Աշտարակի ձորում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի «Ջաղացի քար» վայրում։ Իսկ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է, ու Միքայելյանը որոշել է 7 օր, 7 գիշեր միջոցառումների շարք կազմակերպել։
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում՝ Սպարապետի կենդանության օրոք և նրա մահվանից հետո, իրենք գարնան բացումը դիմավորել են Աշտարակի ձորում՝ «Ջաղացի քար» կոչվող վայրում:
«Մենք սա կոչում ենք Սպարապետի ավանդած գարնան բացում: Ամեն տարի մարտի մեկը դիմավորում ենք այդ վայրում: Ինքը որ ողջ էր՝ հաղթանակներից հետո առաջին անգամ այդտեղ անցկացրեց գարնան բացումը, և սա ավանդույթ դարձավ: Այս օրը երկրապահական ընտանիքի բոլոր բաժանմունքներից գալիս են, թարխուն, ձու, լավաշ ենք բերում, գինի ու նշում ենք»,- հաղորդեց Համլետ Հայրապետյանը:
ԵԿՄ վարչության փոխնախագահը հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը պատրաստվում են մեծ շուքով նշել, և նախաձեռնող խումբը ծրագրում է, թե ինչպես և որտեղ են միջոցառումներ լինելու:
«Շատ բարձր մակարդակով ենք անցկացնելու: Միջոցառումներ կլինեն թե՛ մարզերում, թե՛ Երևանում»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է սպասվող համագումարին՝ Համլետ Հայրապետյանը փոխանցեց, որ դեռ օրը որոշված չէ:
«ԵԿՄ համագումարի ժամանակ ընտրվում է վարչություն, որից հետո նոր ընտրում են ԵԿՄ նախագահ, ով հետո առաջադրում է տեղակալներին: Համաձայն կանոնադրության՝ գործող վարչությունը, երբ նիստ կհրավիրի ու կլսի արտահերթ համագումար հրավիրելու հարցն ու կընդունի որոշում՝ յոթ օր հետո տեղի կունենա համագումարը»,- մանրամասնեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Սասուն Միքայելյանը որպես ԵԿՄ նախագահ՝ կառաջադրի իր թեկնածությունն այն ժամանակ, երբ տեղի կունենա համագումարը:
Անի Կարապետյան