Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը հաջող վայրէջք է կատարել Ռյուգու աստղակերպի վրա
Ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդը փետրվարի 22-ին հաջող վայրէջք է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):
Ապարատը կարողացել է իջնել նախօրք ընտրված՝ 6 մետր տրամագծով համեմատաբար հարթ տեղամասի վրա, որը գտնվում է աստղակերպի հասարակածի մոտ: Վայրէջքից հետո «Հայաբուսա-2»-ը մետաղական գնդակ է կրակել աստղակերպի մակերեւույթին եւ ապարների բարձրացած նմուշներն անմիջապես հավաքել հատուկ փոշեկուլով: Հողի եւ քարերի մասնիկները զետեղված են հերմետիկ կոնտեյների մեջ: Վեցնելով երկնային մարմնի հողի նմուշները՝ զոնդը մեկնել է այնտեղից:
Ապարատն, ինչպես սպասվում է, կվերադառնա աստղակերպի ուղեծիր:
Դա այնտեղ կգտնվի մինչեւ տարեվերջ: Ենթադրվում է, որ «Հայաբուսա-2»-ը եւս երկու վայրէջք կկատարի երկնային մարմնի վրա եւ կշարունակի դրա ապարների հավաքումը: Ռյուգու («Վիշապի պալատ») աստղակերպը գտնվում է Երկրի եւ Մարսի միջեւ:
«Հայաբուսա-2»-ը դեպի աստղակերպ է արձակվել 2014 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի Տանեգասիմա կղզու տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա գտնել ապարներ, որոնք այնտեղ անձեռնմխելի են մնացել մեր Արեգակնային համակարգի սկզբնավորման ժամանակից: Ենթադրվում է, որ շուրջ 600 կիլոգրամ քաշով զոնդը 2020 թվականին կվերադառնա Երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: