«ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ
Մինչ այժմ մոտավորապես 2600 լրագրող է հավատարմագրվել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը լուսաբանելու համար: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Վիետնամի իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն գագաթնաժողովում լրագրողների հաջող աշխատանքի համար»,- գործակալությունը մեջբերել է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարար Լե Հոայ Չունգի խոսքը, որը հանդես է եկել Հանոյում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը ցուցում է տվել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման անվտանգությունն ապահովելու եւ գագաթնաժողովի հաջող անցկացման համար: Նախօրյակին YTN հարավկորեական հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների, հայտնել է, թե գագաթնաժողովը, որը նախատեսված Է փետրվարի 27-28-ին, կարող է կրճատվել մինչեւ մեկ օր:
Նրանց տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում էր, որ ղեկավարները միմյանց հետ կշփվեն փետրվարի 27-ին եւ 28-ին, սակայն պլանները փոխվել են եւ այժմ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ունը եւ Թրամփը կսահմանափակվեն միայն մեկ օրով:
Ի հաստատումն այս վարկածի, հեռուստաալիքը վկայակոչում է Հանոյում ԱՄՆ-ի պատվիրակության գտնվելու ծրագիրը, որը հայտնվել է նրա տրամադրության տակ: Փաստաթղթի համաձայն, Թրամփը փետրվարի 27-ին հանդիպումներ կանցկացնի Վիետնամի ղեկավարության հետ, իսկ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները պլանավորված են հաջորդ օրը: ԱՄՆ-ի նախագահը փետրվարի 19-ին Սպիտակ տանը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
«Ես առանձնապես չեմ շտապում: (ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային) փորձարկումներ չեն կատարվում: Առայժմ փորձարկումներ չկան, ես չեմ շտապում… Ես խիստ ժամկետներ չունեմ»,- նշել է նախագահը՝ խոսելով այն մասին, որ միջուկազերծումն իր նպատակն է: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունն) ինչ-որ շատ դրական բան են մտադրվել: Եվ մենք շուտով դա կիմանանք»,- ընդգծել է Թրամփը: Նա «շատ գրավիչ» է որակել ամերիկա-հյուսիսկորեական առաջիկա գագաթնաժողովը, որի շնորհիվ, նրա խոսքով՝ «շատ բան կարող է տեղի ունենալ»:
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք է առաջինն ընդառաջող քայլեր անեն:
«ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռեւս մնում են: Ես կցանկանայի վերացնել դրանք, բայց նախ պետք է ընդառաջ քայլեր տեսնեմ մյուս կողմից»,- ասել է նա: «Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շատ մեծ տնտեսական ներուժ ունի իր դիրքի շնորհիվ՝ շուրջը Ռուսաստանն է, Չինաստանը եւ Հարավային Կորեան: Կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ունը) դա հասկանում է»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: