
Մադուրոյի կուսակիցը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կարվախալը փետրվարի 21-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
«Պարոն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդո Մարկես, ձեր առջեւ է եւս մեկ զինվոր, որը պատրաստ է պայքարելու հանուն ազատության եւ ժողովրդավարության»,- ասել է նա Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:
Տեսաուղերձում Կարվախալը, որ ռազմական հետախուզությունը գլխավորել է նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք, նաեւ անօրինական է համարել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը եւ վենեսուելացի զինվորականներին կոչ է արել չխանգարելու արտասահմանյան մարդասիրական օգնության ներկրմանը երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: